Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մարտերը շարունակվում են
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի և Ադրբեջանի շփման գծում այս պահին մարտերը շարունակվում են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հոկտեմբերի 9-ին կայացած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մարտերն այսօր առավոտյան սկսվել են նոր թափով, դրանք շարունակվում են: Գիշերը, որպես կանոն ևս մարտերը շարունակվում են, բայց առավոտյան թեժանում են: Մեր Զինված ուժերը շարունակում են, անհրաժեշտ հակահարված տալով, հակառակորդին շպրտել ելման դիրքեր»,- ասաց Հովհաննիսյանը:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը նշեց, որ օրվա ընթացքում հակառակորդը կրել է մեծ քանակով կորուստներ:
Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ ռազմական գործողություններ է սկսել: Հրետակոծվում և հրթիռակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և Շուշին: Ադրբեջանի ԶՈՒ-ն թիրախավորել է նաև ՀՀ զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները: Շփման գծում ընթացող համառ մարտերում երկու կողմն ունեն մարդկային ուժի և սպառազինության կորուստներ. ադրբեջանական կորուստները մի քանի անգամ գերազանցում են հայկական կողմինը: Հայտնաբերվել են Թուրքիայի ներգրավվածության, Սիրիայից վարձկանների տեղափոխման և Արցախի դեմ օգտագործման փաստեր:
Նորայր Շողիկյան