ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:
Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:
Ավելի վաղ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը: «Ես ուզում եմ լիարժեք աջակցություն ցուցաբերել իմ հայ բարեկամներին և արտահայտել իմ խոր վրդովմունքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության առնչությամբ, որը հանգեցրեց լուրջ ավերածությունների»,-նշել էր նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանն այս քայլով փորձում է հակամարտությանը նաև կրոնական երանգավորում տալ:
«Միջազգային հանրությունն այլևս չի կարող կույր մնալ բոլորիս աչքի առջև ծավալվող ողբերգական իրադարձությունների նկատմամբ և պետք է վերջ դնի ադրբեջանցիների ու թուրքերի գործողություններին: Ավելի քան երբևէ, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է լիովին խաղա իր դերը: Ես մեկ անգամ ևս կրկնում եմ իմ կոչը` ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը»,-ընդգծել էր նա: