Ալֆորվիլը կողմ է Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը
2 րոպեի ընթերցում
![Ալֆորվիլը կողմ է Ֆրանսիայի կողմից Արցախի անկախության ճանաչմանը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/10/1030950.jpg)
ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալֆորվիլի քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է Ֆրանսիայի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման օգտին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտնել է Ալֆորվիլի փոխքաղաքապետ Գարո Խաչիկյանը:
Որոշում է կայացվել նաև Ալֆորվիլի կողմից ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախի հայ բնակչությանը:
Ավելի վաղ Ալֆորվիլի քաղաքապետ Լյուկ Կարվունասը դատապարտել էր Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծումը: «Ես ուզում եմ լիարժեք աջակցություն ցուցաբերել իմ հայ բարեկամներին և արտահայտել իմ խոր վրդովմունքը Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու ռմբակոծության առնչությամբ, որը հանգեցրեց լուրջ ավերածությունների»,-նշել էր նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանն այս քայլով փորձում է հակամարտությանը նաև կրոնական երանգավորում տալ:
«Միջազգային հանրությունն այլևս չի կարող կույր մնալ բոլորիս աչքի առջև ծավալվող ողբերգական իրադարձությունների նկատմամբ և պետք է վերջ դնի ադրբեջանցիների ու թուրքերի գործողություններին: Ավելի քան երբևէ, Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, պետք է լիովին խաղա իր դերը: Ես մեկ անգամ ևս կրկնում եմ իմ կոչը` ճանաչել անկախ Արցախի Հանրապետությունը»,-ընդգծել էր նա:
Le conseil municipal d’@Alfortville_94 vient de voter un vœu à l’unanimité : reconnaissance de la République du #HautKarabagh (#Artsakh en arménien) par la #France et une aide financière exceptionnelle d’Alfortville pour la population arménienne d’Artsakh
— Garo Khachikian (@GaroKhachikian) October 8, 2020