ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը կրկին հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում նորից շրջանառվող այն ապատեղեկատվությունը, թե իբր Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Պողոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Ադրբեջանցիներն այսօր կրկին ակտիվ տեղեկություն են շրջանառում տեղական և միջազգային մամուլով, որ իբր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը վիրավորվել է: Միանգամից հերքեմ. այն իրականությանը չի համապատասխանում և նախագահն այս պահին լիարժեք կերպով իրականացնում է իր աշխատանքային պարտականությունները»,- գրել է Պողոսյանը:
Նա հավելել է, որ նախագահ Հարությունյանի սառնասիրտ ու սթափ գործողությունները լրջագույն կերպով մտահոգել են Ալիևի վարչակարգի պատասխանատուներին, բանակի հրամկազմին, քանի որ Հարությունյանի ամեն մի ելույթը սառը ջուր է լցնում Ադրբեջանի կեղծ պրոպագանդայի վրա:
«Ամեն ինչ լավ է լինելու: Հաղթանակը մերն է»,- եզրափակել է Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Հոկտեմբերի 3-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մեկնել էր առաջնագիծ` «իր բաժին մարտը մղելու»: Նրա հետ առաջնագիծ էին այցելել նաև Արցախի և ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունների տնօրենները: Հոկտեմբերի 4-ին Հարությունյանը վերադարձել է առաջնագծից և տեսաուղերձով դիմել ժողովրդին: