Հինգ զինծառայող արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչման, նրանցից մեկը՝ հետմահու

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով ևս հինգ զինծառայող արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը. նրանցից մեկը՝ հետմահու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսանյութի միջոցով հայտնեց ԱՀ նախագահը:

«Ես շարունակելու եմ ոգևորել առաջին հերթին մեր զինվորներին և սպաներին: Այսօր իմ հրամանագրով ևս 5 զինծառայող արժանացել է Արցախի հերոսի բարձրագույն կոչմանը: Դավիթ Լյովայի Գրիգորյանը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հասցրել է Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել 15 տանկ և 1 միավոր ՀՄՄ: Նա այժմ շարունակում է ծառայել մեր հայրենիքին՝ գտնվելով առաջնագծում: Արցախի հերոսի կոչմանն արժանանում է նաև Էդգար Էդվարդի Մարկոսյանը, ով այս պատերազմի ժամանակահատվածում Թալիշի ուղղությունում խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը: Հաջորդը՝ Յուրա Հայկարամի Ալավերդյանն է: Նա Կարախամբելի-Ֆիզուլի հատվածում խոցել է 9 տանկ և 1 միավոր ավտոտեխնիկա: Գնդապետ ՍերգեյՇաքարյանն Արցախյան գոյապայքարի առաջամարտիկներից է: Նա կազմակերպել է բազմաթիվ տանկային և հետևակային գրոհներ՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ: Պարոն Շաքարյան, ձեզ հարգում է ամբողջ ազգը, ձեր սխրանքը գնահատելու է ամբողջ ազգը: Դուք Արցախի իրական հերոս եք»,- նշեց Հարությունյանը:

Հետմահու Արցախի հերոսի կոչմանն է արժանացել նաև Դավիթ Վանիկի Ղազարյանը: ԱՀ նախագահի խոսքով՝ Ղազարյանը մարտը վարել է «ոչ մի քայլ հետ» սկզբունքով և հերոսություն է կատարել:

«Ցավակցում եմ բոլորիս, բայց հպարտ եմ նաև, որ ունենք Դավիթ Ղազարյանի նման շատ հայրենակիցներ: Շարունակվելու է իմ կողմից, պետության կողմից մեր հայրենակիցների հերոսությունների հետագա գնահատման աշխատանքը: Նրանք բոլորը հերոսներ են: Փառք մեր հերոսներին, մեր զինվոր հերոսներին»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Դիմելով մեր հայրենակիցներին՝ Հարությունյանը շեշտեց, որ առաջին հերթին պետք է լինել դուխով ու վճռական, և հաղթականը ապահովված կլինի:

Արցախի նախագահը խոսեց նաև իր՝ առաջնագիծ մեկնելու մասին.

«Նախ՝ ինչու եմ գնացել առաջնագիծ: Մտահոգվելու բան չի եղել: Մենք առաջին հերթին պետք է ոգևորենք մեր սպաներին, զինվորներին, ովքեր, իրականում, ամեն օր կենաց-մահու կռիվ են տալիս թշնամու դեմ: Ուզում եմ փառքով նշել, որ բանակն ամբողջությամբ կատարում է իր առջև դրված խնդիրը՝ հրամանատարից՝ գեներալ Հարությունյանից մինչև շարքային զինվոր, ով գտնվում է առաջնագծում», - ասաց Հարությունյանը՝ շեշտելով, որ ունենք ամենապրոֆեսիոնալ բանակը:

«Ուզում եմ խոնարհվել մեր զինվորների առաջ, ասել, որ դուք մեր ազգի պարծանքն եք: Գտնվելով առաջնագծում, ամեն վայրկյան վտանգելով ձեր կյանքը՝ ամեն մի սանտիմետրի համար դուք պայքարում եք»,- շեշտեց ԱՀ նախագահը:

Նա գոհունակությամբ նշեց սպայական անձնակազմի հերոսության մասին՝ ովքեր հրաշքներ են գործում՝ վտանգելով կյանքը, անտեսելով մահը:

«Մեզ հենց դա է պետք: Ապրելու համար մենք պետք է հաղթահարենք այդ բարդույթը և բոլորս պատրաստ լինենք զոհվելու»,- նկատեց Հարությունյանը:

Հոկտեմբերի 2-ին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Պաշտպանության բանակի հրամանատարական կետում «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն է արժանացրել նաև «Եղնիկների» լեգենդար հրամանատար Կարեն Ջալավյանին:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն English Français Русский

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը