Քաղաքականություն

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել միջազգային մի շարք գործընկերների հետ

2 րոպեի ընթերցում

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել միջազգային մի շարք գործընկերների հետ

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 29-ին հեռախոսազրույցներ է ունեցել իր միջազգային մի շարք գործընկերների՝ Միացյալ Թագավորության Եվրոպական քաղաքականության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթոնի, Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալլենբերգի, Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսի և Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր գործընկերներին ներկայացրել է Ադրբեջանի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում Հայաստանի հետ սահմանին և Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում վերջին զարգացումները։ Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ տարբեր տրամաչափի զինատեսակների օգտագործմամբ խաղաղ բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումն առավել քան ի ցույց է դնում Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ քաղաքականությունը։

Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող անվերապահ աջակցության համատեքստում՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով և ուղիղ սպառնալիք է տարածաշրջանային անվտանգությանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում