Հասարակական

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ խոցելու մասին

2 րոպեի ընթերցում

Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ խոցելու մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է ադրբեջանական ևս մեկ ԱԹՍ խոցելու մասին: «Րոպեներ առաջ նորից ԱԹՍ խոցեցինք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 29-ի առավոտյան տեղեկացրել է նա։

Հովհաննիսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում օգտագործել է #Հաղթելուենք հեշթեգը՝ հավելելով. «Քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում: Հպարտ եմ քեզնով ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ»:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա, սեպտեմբերի 28-ին ևս մեկ երեխա է զոհվել: Հայկական կողմն ունի 84 զոհ և կա շուրջ 120 վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային ավելի քան 400 կորուստ: Հակառակորդը կորցրել է 50 անօդաչու թռչող սարք, 4 ուղղաթիռ, 80 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում