Հասարակական

Շիրակի թեմը նշում է կազմավորման 100-րդ տարեդարձը

2 րոպեի ընթերցում

Շիրակի թեմը նշում է կազմավորման 100-րդ տարեդարձը

ԳՅՈՒՄՐԻ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը նշում է կազմավորման 100­ամյակը:

Մեկդարյա պատմություն ունեցող թեմին շնորհավորելու և թեմակալ առաջնորդին երախտիքի խոսք ուղղելու համար Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետի խորհրդականն ու օգնականը սեպտեմբերի 4-ին այցելել են Շիրակի թեմ։

Շնորհավորելով թեմակալ առաջնորդին՝ մարզպետ Տիգրան Պետրոսյանն ընդգծել է, որ եկեղեցին այն կարևորագույն հենասյուներից է, որով ամուր է մեր պետականությունը։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ նշել է, որ այս բարդ ևդժվարին տարում շատ կարևոր է պատկան մարմինների ուշադրությունն ու համագործակցությունը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմը ստեղծվել է

1920 թվականի սեպտեմբերի 4–ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսի կոնդակով։ Սկզբնական շրջանում թեմն ընդգրկում էր այժմյան Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերը, ինչպես նաև Արագածոտնի մարզի որոշ շրջաններ։ Նույն թվականի նոյեմբերի 5-ին կաթողիկոսը Ալեքսանդրապոլի փոխանորդ Արտակ վարդապետ Սմբատյանին նշանակում է Շիրակի թեմի առաջին առաջնորդ։

Այնուհետև թեմի առաջնորդությունը հաջորդաբար վարել են Աշոտ եպիսկոպոս Շախյանը և Իսահակ եպիսկոպոս Տեր-Միքայելյանը։

Խորհրդային իշխանության վարած եկեղեցահալած քաղաքականության հետևանքով 1938 թվականին Շիրակի թեմում բաց էր մնացել միայն առաջնորդանիստ Յոթվերք եկեղեցին։ 1990 թվականին թեմից անջատվեցին Տավուշն ու Լոռու մի հատվածը, իսկ 1996 թվականից ի վեր Շիրակի թեմը սահմանափակվեց միայն Շիրակի մարզի տարածքով։

1999 թվականին Գարեգին Բ կաթողիկոսի կողմից առաջնորդական տեղապահ նշանակվեց Միքայել ծայրագույն վարդապետ Աջապահյանը։ Վերջինս 2001 թվականին ձեռնադրվեց եպիսկոպոս և հաստատվեց որպես Շիրակի թեմի առաջնորդ։

Առաջնորդը խորին շնորհակալությունն է հայտնել մարզային իշխանություններին կարևորելու և այս պատմական օրը ևս մեկ անգամ արժևորելու համար:

Արմենուհի Մխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում