Տնտեսություն

Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց է թողնվել շուրջ 280 000 մանրաձուկ

4 րոպեի ընթերցում

Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց է թողնվել շուրջ 280 000 մանրաձուկ

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԵԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց է թողել շուրջ 280 000 մանրաձուկ՝ «գեղարքունի» իշխան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:

Աշխատանքներին ծանոթանալու համար Գեղարքունիքի մարզում է եղել Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նա այցելել էր Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան:

«Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք «ձմեռային իշխանի» և «բոջակի» իսպառ ոչնչացում, իսկ «ամառային» ու «գեղարքունի» իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ. իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից: Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամն իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը»,- նշել է Պետրոսյանը:

Այցը մեկնարկել է ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ նախարարը ծանոթացել է հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկել մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այնտեղ առկա են 12 հիմնական ցանցեր, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է տարեկան շուրջ 1 000 տոննա:

Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով, տարբեր չափերի ձուկ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ «ամառային բախտակի» բաց թողնման ենթակա շուրջ 70 000-80 000 հատ մանրաձուկ։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այնտեղ առկա է ահռելի պոտենցիալ. ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։

Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց է թողել շուրջ 280 000 մանրաձուկ՝ «գեղարքունի» իշխան:

Մանրաձկան բաց թողումը կրում է պարբերական բնույթ։ Այդ ամենը նպատակ ունի վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև «ձմեռային իշխանի», «բոջակի» և «կողակի» բացթողում։

Միջոցներ են ձեռնարկվել, որպեսզի բաց թողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան» ազգային պարկի նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում