Ադրբեջանը չի գնում իրավիճակի դեէսկալացիայի և լարվածության թուլացման

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի պետական սահմանի տավուշյան ուղղությամբ հուլիսին Ադրբեջանի նախաձեռնած էսկալացիան զգալի հարված հասցրեց Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վրա` վտանգելով նաև վերջին երկու տարում արձանագրված փոքր, սակայն որոշակի արդյունքները` հրադադարի ռեժիմի պահպանում, օպերատիվ կապ, մասնագիտական խմբերի շփումների նախաձեռնություն և այլն: Հուլիսի 12-ից մինչև 21-ը որոշակի ընդհատումներով շարունակվող ռազմական գործողությունները շեշտակի մեծացրեցին կողմերի միջև առկա լարվածությունը` լուրջ խոչընդոտներ ստեղծելով նաև բանակցային գործընթացի վերականգնման տեսանկյունից: Հատկանշական է, որ անգամ ռազմական գործողությունների դադարեցումը դժվարությամբ հաջողվեց: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերով կողմերի միջև հուլիսի 12-ից ի վեր ձեռք էր բերվել կրակի դադարեցման 3 պայմանավորվածություն, որոնք ադրբեջանական կողմը խախտում էր` կրելով նորանոր կորուստներ:

Թեև հուլիսի 23-ից ռազմական գործողությունները դադարեցվեցին, սակայն մինչ օրս իրավիճակի լիարժեք դեէսկալացիայի մասին հնարավոր չէ խոսել: Հատկանշական է, որ անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հուլիսի 24-ին արված համատեղ հայտարարության մեջ հստակ ընդգծել են կողմերի այնպիսի քայլերի կարևորությունը, որոնք հնարավորություն են տալիս կենտրոնանալ լարվածության թուլացման վրա` ողջունելով նաև տարբեր կառույցների և երկրների կողմից դեէսկալացիայի կոչերը: Չնայած համանախագահների հորդորին` Ադրբեջանը մինչ օրս չի ձեռնարկում լարվածության թուլացմանն ուղղված որևէ քայլ, այլ հակառակը` շարունակում է իր սադրիչ գործելաոճը: Ռազմական գործողությունների դադարից շատ չանցածՏավուշի ուղղությամբ ադրբեջական կողմի դիպուկահարի կրակոցից զոհվել է ՀՀ ԶՈւ մեկ պայմանագրային զինծառայող (հուլիսի 27), ևս մեկը վիրավորվել էհուլիսի 29-ին:

Բացի այդ, Ադրբեջանը և Թուրքիան նախաձեռնեցին լայնամասշտաբ զորավարժություններ` հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ: Այս զորավարժությունները նույնպես մեծացրեցին լարվածությունը տարածաշրջանում և հատկանշական է, որ դրանք տևեցին ավելի երկար, քան հայտարարվել էր մեկնարկից առաջ:

Իրավիճակի դեէսկալացիային խոչընդոտող մեկ այլ գործոն է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմատենչ և հակահայկական հռետորաբանությունը: Հատկանշական է, որ վերջին շրջանում Բաքվի ագրեսիվ հռետորաբանության շրջանակներում առավել հաճախ է հիշատակվում նաև թուրքական գործոնը: Օրինակ, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասնակիցների հետ օրերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ գովաբանելով Թուրքիայի ԶՈւ-ին` հայտարարել է, որ «Ադրբեջանը թուրքական բանակի աջակցությամբ կկատարի իր սրբազան պարտքը»:

Վերջին օրերին լարվածության աճի մեկ այլ պատճառ դարձավ եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով Ադրբեջանում հայտնված Գուրգեն Ալավերդյանի հետ կապված զարգացումները: Ադրբեջանական կողմը նախ հայտարարությունն տարածեց, թե իբր «ՀՀ զինված ուժերի դիվերսիոն-հետախուզական խումբը Գերանբոյի շրջանի ուղղությամբ փորձել է սադրանք իրականացնել, սակայն կորուստներ կրելով, նահանջել է», իսկ Գուրգեն Ալավերդյանին ներկայացրեց որպես դիվերսիոն խմբի ղեկավար, ում գերավարել են: Ադրբեջանական կողմը տարածեց նաև քարոզչական տեսանյութեր հայ սպայի մասնակցությամբ, որոնք պարունակում էին վերջինիս պատիվը և արժանապատվությունը նվաստացնող դրվագներ, և հանդիսանում են Ադրբեջանի կողմից ոչ միայն Ժնևյան կոնվենցիայի, այլ մարդու իրավունքների միջազգային հիմնարար փաստաթղթերի խախտման վառ դրսևորումներ:

Այսպիսով Հայաստանի պետական սահմանին ադրբեջանական էսկալացիայի ձախողումից հետո Բաքուն շարունակում է պահպանել լարվածությունը: Չնայած միջնորդների կոչերին` ադրբեջանական կողմը իրավիճակի դեէսկալացիային ուղղված քայլեր չի նախաձեռնում, ավելին` տարաբնույթ գործողություններով շարունակում է սադրել հայկական կողմին: Նման իրավիճակը ոչ միայն բարդացնում է բանակցային գործընթացի վերականգնումը, այլ նաև պարունակում է նոր էսկալացիայի ռիսկեր:

Նարեկ Մինասյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում