Սփյուռք

Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին նշում է կառուցման 400-ամյակը

1 րոպեի ընթերցում

Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին նշում է կառուցման 400-ամյակը

ԵՐԵՎԱՆ, 24 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուլղարիայի Սիլիստրա քաղաքի Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին 400 տարեկան է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Բուլղարիայի լրատվական գործակալությունը:

Համարվում է, որ Սուրբ Աստվածածինը Բուլղարիայի ամենահին հայկական եկեղեցին է: Եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում տարիներ առաջ հայտնաբերվել է կառուցման թվականը նշող քարե սալիկը:

Եկեղեցու գմբեթը եզակի է իր որմնանկարներով, որոնք, հետազոտողների կարծիքով, հազվագյուտ առանձնահատկություն են հայկական եկեղեցիների համար: Մեկ այլ յուրահատկություն են նաև եկեղեցու հարավային և հյուսիսային կողմերի կենտրոնական աշտարակների վերևում գտնվող անցքերը, որոնք ծառայում են ակուստիկայի բարելավման համար:

Պատերը ծածկված են կրոնական յուղով ստեղծված նկարներով, որոնցից շատերի հեղինակը սիլիստրացի նկարիչ Բեդիգ Բեդրոսյանն է:

Եկեղեցին գտնվում է մոտ 180 քմ մակերեսով բակում, որտեղ կան նաև քահանայի համար փոքրիկ տնակ և մի շենք, որտեղ նախկինում տեղակայված էր հայկական դպրոցը, իսկ այժմ գտնվում է հանրային կենտրոնը և Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը նախագծել է Դիրան Ապելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում