ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության կառավարությունը ԱՀ 2020 թ. պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից 25 մլն ՀՀ դրամ է հատկացրել Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած Լիբանանի հայկական համայնքին՝ որպես ֆինանսական աջակցություն:
Օգոստոսի 9-ին Արցախի կառավարությունը Լիբանանի հայկական գաղթօջախին Հայաստանից հատուկ չվերթով «Արցախի ժողովրդից Լիբանանին» հումանիտար օգնություն է ուղարկել: Նույն նպատակով Արցախի Հանրապետության նախագահի հանձնարարականով ստեղծվել է նաև հատուկ հանձնաժողով, որը համակարգում է այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքները: