ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործադիրի օգոստոսի 20-ի նիստում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար:
«Դրամաշնորհի գումարը կազմում է 2 մլն դոլար, և դրանով նախատեսվում է, որ ձեռք կբերվեն միջոցներ՝ ուղղված կորոնավիրուսի դեմ պայքարին: Սա Ասիական զարգացման բանկի առաջին օգնությունը չէ մեր երկրին: Մինչ օրս էլ ստացել ենք բազմակողմանի օգնություն»,- ասաց Թորոսյանը:
Դրամաշնորհի միջոցները Առողջապահության նախարարությունը կնպատակաուղղի նոր կորոնավիրուսային վարակի շրջանակներում համապատասխան բժշկական պարագաների և սարքերի ձեռքբերմանը` COVID-19-ի դեմ պայքարում բնակչության բուժօգնությունն ու սպասարկումը հավուր պատշաճի կազմակերպելու համար:
Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 42 319 դեպք, որոնցից 35 476-ն` առողջացած, 836-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5 756 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 190 560 թեստավորում:
Կառավարությունը օգոստոսի 12-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը օգոստոսի 12-ի ժամը 17:00-ից երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև սեպտեմբերի 11-ի ժամը 17:00-ն ներառյալ:
Նորայր Շողիկյան