Արցախում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսի 7 նոր դեպք է հաստատվել:
«Արմենպրեսի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ ներկայացնելով երկրի Առողջապահության նախարարության տվյալները:
Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի բնակիչների մոտ. միևնույն ընտանիքի անդամներ են, որոնք վերադարձել են ՀՀ-ից:
Առայսօր նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որոնցից 248-ը հաղթահարել են հիվանդությունը:
Փաստացի բուժումէ ստանում 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:
Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել:
Մինչ այսօր կատարվել է 8 522 փորձանմուշի հետազոտություն:
Արցախում կորոնավիրուսից մահվան դեպք չի արձանագրվել: Արձանագրվել է մահվան մեկ դեպք, երբ քաղաքացու մոտ ախտորոշվել է կորոնավիրուսային հիվանդություն, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով:
Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև օգոստոսի 12-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի օգոստոսի 12-ի ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ի ժամը 22:00-ը ներառյալ։
Նորայր Շողիկյան