Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը հայկական կողմի համար հաղթական է համարում Ապրիլյան պատերազմը

4 րոպեի ընթերցում

Սերժ Սարգսյանը հայկական կողմի համար հաղթական է համարում Ապրիլյան պատերազմը

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական կողմի համար հաղթական է համարում 2016թ. Ադրբեջանի սանձազերծած Ապրիլյան պատերազմը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Սարգսյանն ասաց օգոստոսի 19-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում, ընթերցելով Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքների քննիչ հանձնաժողովի փակ նիստում իր ունեցած ներածական խոսքը:

«Պաշտպանվող կողմի համար հաղթանակ է, երբ նվազագույն կորուստներով վիժեցնում է հարձակվողի մտադրությունները: Մարտի դաշտում կրած անհաջողությունները թույլ չտվեցին Ադրբեջանին՝ հայկական կողմերին և միջազգային հանրությանը կանգնեցնել փաստի առջև ու ստիպել բանակցել իրենց ցանկացած կետից ու իրենց ցանկացած օրակարգով: Ադրբեջանը նաև դիվանագիտական ասպարեզում պարտություն կրեց»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ պատերազմից խուսափել հնարավոր չէր: «Համոզված եմ, որ հնարավոր չէր կանխել կամ խուսափել պատերազմից, որովհետև Ադրբեջանը պատրաստ չէր մեզ համար ընդունելի որևէ փոխզիջումային տարբերակի: Ադրբեջանի գերնպատակը բանակցությունների ընթացքը փոխելն էր, ցանկանում էին ապացուցել, որ խնդիրն ունի ռազմական լուծում: Ադրբեջանը ցանկանում էր չեզոքացնել Արցախի, որպես հակամարտության կողմ լինելու հանգամանքը: Ադրբեջանի համար կարևոր էր փոխել իր ժողովրդի հոգեբանության մեջ և բանակում պարտվածի բարդույթը, վերածելով այն ուժեղի, հաղթանակածի, և հակառակն իրականացնել Հայաստանում»,- նշեց ՀՀ երրորդ նախագահը:

Անդրադառնալով այն լուրերին, թե Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է սպառազինության խնդիր, Սարգսյանը նշեց, որ նման բան չի եղել:

«Ցավ եմ ապրում լսելով հրապարակ նետված թեզերը բահերով կռվող, սոված և առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զինտեխնիկայի մասին: Սա ուղղակի ամոթ է»,- ասաց Սարգսյանը:

ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ հնարավոր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը և պատժել Ադրբեջանին կամ վերադառնալ ուժերի նախնական դասավորվածությունը, սակայն դա կարող էր ավելի մեծ մարդկային կորուստների բերել:

«Հնարավոր էր չհամաձայնել հրադադարի հաստատմանը, և ամբողջովին վերականգնել նախնական դասավորությունը, բայց հավանականությունը մեծ է, որ մենք կունենանայինք նոր զոհեր: Եթե փորձեինք անվտանգության գոտին ընդլայնել նոր տարածքներով, դա կլիներ արկածախնդություն՝ հղի անկանխատեսելի հետևանքներով, ընդհուպ՝ լայնածավալ պատերազմի բորբոքում: Որպես հետևանք՝ հազարավոր զոհեր, ավերված քաղաքներ ու գյուղեր: Հաշվի առնելով այս ամենը, ես, որպես Գերագույն հրամանատար, հենվելով պատկան մարմինների կարծիքների վրա, որոշում եմ կայացրել համաձայնել հրադադարի հաստատմանը»,- նշեց Սարգսյանը:

2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Սարգսյանը հավելեց, որ որոշակի թերացումներով, այնուամենայնիվ պետութան գրեթե բոլոր օղակներն իրենց դրսևորել են լավագույնս:

Նորայր Շողիկյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում