Արցախ

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնի սարքավորումներ ձեռք բերելու համար կլինի դրամահավաք

2 րոպեի ընթերցում

Ստեփանակերտի մոր և մանկան առողջության կենտրոնի սարքավորումներ ձեռք բերելու համար կլինի դրամահավաք

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 4-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որտեղ քննարկվել են Ստեփանակերտի մոր և մանկան առողջության պահպանման նոր կենտրոնի համար անհրաժեշտ սարքավորումներ և գույք ձեռք բերելուն վերաբերող հարցեր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Հարությունյանը նշել է, որ նոր շենքի հիմնական շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում, և մասնագետների ու ոլորտի պատասխանատուների հետ քննարկումներից հետո այն որպես ծննդատուն շահագործման հանձնելու վերջնական որոշում է կայացվել, իսկ գործող շենքը կծառայի նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների բուժմանը:

Ոլորտի պատասխանատուները նախագահին են ներկայացրել անհրաժեշտ սարքավորումների և գույքի գնման վերաբերյալ զեկույցներ՝ վստահեցնելով, որ ցանկում ներառվել է միայն առաջատար ընկերությունների՝ որակական առումով ժամանակակից պահանջներին համապատասխանող արտադրանքը:

Հաշվի առնելով հարցի հրատապությունը՝ նախագահը նշել է, որ սարքավորումների գնման համար Կառավարությունը վարկավորման հարցում պայմանավորվածություն է ձեռք բերել «Արցախբանկ» ՓԲ ընկերության հետ, սակայն համապատասխան գումարը հավաքագրելու և բանկի տրամադրած վարկային միջոցները մարելու համար «Հայաստան» համահայկական հիմնադրամը դրամահավաք կկազմակերպի:

Խորհրդակցությանը մասնակցում էին առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը, ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը, «Արցախբանկ» ՓԲԸ գործադիր տնօրեն Արտակ Բալայանը, առողջապահության ոլորտի մասնագետներ, պաշտոնատար այլ անձինք:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում