Տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս. Բաբկեն Թունյան

7 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տնտեսությունը կորոնավիրուսի համավարակի արդյունքում առաջացած անկումից դանդաղ դուրս է գալիս, այս միտումը նկատելի է ամսական դինամիկայում:«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հույս հայտնեց, որ առաջիկա ամիսներին անկումը կհասնի մինիմումի:

Հունվար-հունիսի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 4.7 տոկոսի նվազում: Թունյանը նկատեց, որ հունվար-մայիսի, հունվար-ապրիլի համեմատ անկման տեմպն ավելացել է: Սակայն նա շատ կարևորեց նաև ամսական դինամիկան, այսինքն` ամիսը ամսվա համեմատ տեմպը որքանով է փոփոխվել: «Անկումը փաստացի սկսվել է մարտից: 2020-ի մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշի անկումը նախորդ տարվա մարտի համեմատ 4.1 տոկոս էր, ապրիլին այդ անկումը խորացավ մինչև 16.3 տոկոս, որից հետո մայիսի անկումը 2019-ի մայիսի համեմատ դարձավ 12.8 տոկոս, իսկ հունիսին նախորդ հունիսի նկատմամբ ունենք 7.5 տոկոս անկում: Այսինքն, եթե մենք նայում ենք ամսական դինամիկայով, ապրիլին ամենախորը անկումն ենք ունեցել, երբ ամենախիստ սահմանափակումների ժամանակն էր: Հիմա անկման տեմպը թուլացել է, և եթե այս դինամիկան շարունակվի, տեմպն ավելի կթուլանա, և չի բացառվում, որ վերջին եռամսյակում, այսինքն` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ամսական կտրվածքներով ունենանք տնտեսական ակտիվության վերականգնում: Եվ այս ամսական դրական փոփոխությունները, եթե տեղի ունենան, կազդեն ընդհանուր տարեկան ցուցանիշի վրա: Սակայն, թե ինչ չափով կազդի և վերջում ինչ ցուցանիշ կունանանք, կախված է այն հանգամանքից, թե տնտեսությունն ու հակահամաճարակային իրավիճակն ինչպես կզարգանան»,-ասաց Թունյանը:

Անդրադառնալով տնտեսության առանձին ճյուղերին՝ պատգամավորը նկատեց, որ գրեթե բոլոր ճյուղերում նույն պատկերն է, ապրիլին եղել է խորը անկում, մայիս, հունիս ամիսներին սկսվել է որոշակի վերականգնում: Արդյունաբերության ճյուղը մյուսներից մի քիչ տարբերվում է, որովհետև արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի աճ: Այն հունվար-հունիսին 1.5 տոկոսով աճել է, սակայն ամսական կտրվածքով, օրինակ 2020-ի հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ դեռ նվազել է 2.4 տոկոսով: Թունյանը նկատեց, որ արդյունաբերության աճը հիմնականում հանքարդյունաբերության ոլորտի աճի հաշվին է: Հունվար-մայիսին արդյունաբերության ընդհանուր աճը 2.4 տոկոս է եղել, այդ թվում մշակող արդյունաբերությունը մոտ 3.4 տոկոսով անկում է ապրել, բայց հանքարդյունաբերությունն աճել է 25.7 տոկոսով: «Այս պահին Հայաստանի տնտեսության հիմնական հենարաններից մեկը մնացել է հանքարդյունաբերության ոլորտը: Ինչքան էլ որ դա դուր չգա բնապահպանական թևին կամ այլ կարծիք ունեցողներին, բայց փաստն այն է, որ հանքարդյունաբերությունն այսօր ապահովում է թե հարկերի, թե երկիր մտնող արտարժույթի, թե տնտեսական ցուցանիշների զգալի մասը»,-նշեց նա:

Գյուղատնտեսության աճը հունվար-հունիսին կազմել է 1.7 տոկոս: Պատգամավորը ենթադրում է, որ դա բերքատվության կամ կառավարության կողմից գյուղատնտեսական վարկերի, խելացի անասնագոմերի, ջերմոցների կառուցման համար տրված արտոնությունների հետևանքն է:

Թունյանը տնտեսական անկման տեմպի թուլացման գործոններից մեկը տնտեսական գործունեությունների վերաբացումն է համարում: «Եթե ի սկզբանե հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ընդհանրապես արգելվում էր, հիմա դրանք կարող են որոշակի կանոններ պահպանելով գործել: Բացի դրանից նաև մարտ, ապրիլ ամիսներին, երբ հակաճգնաժամային փաթեթները սկսեցին մշակվել, արդեն մայիսի սկզբից մտան կյանքի մեջ՝ և գործատուներին, և առանձին ընկերություններին աջակցությունը, և սոցիալական օգնությունը, որոնք տնտեսության մեջ էլ պահանջարկ են ձևավորում»,-ասաց Թունյանն ու նկատեց, որ անկման տեմպի թուլացումը այս երկու գործոններով կարող է պայմանավորված լինել:

Պատգամավորը նշեց, որ կառավարության ամենաթարմ գնահատականներով, որը արտացոլված է 2021 թվականի բյուջեի նախագծի մեջ, այս տարվա համար կանխատեսվում է 2.6 տոկոս տնտեսական անկում: Բայց տարբեր գնահատականներ տատանվում են 2-10 տոկոսի միջակայքում, սակայն թե վերջնական թիվը որքան կլինի, Թունյանը չի շտապում կանխատեսումներ անել՝ նաև այն պատճառով, որ տնտեսական իրավիճակը սերտորեն կապված է առողջապահական իրավիճակի հետ, ամեն օր հաստատվող դեպքերի հետ: Նա հույս հայտնեց, որ երկրին կհաջողվի, առաջիկա ամիսներին տեմպը թուլացնելով, անկումը բերել մինիմումի: Նա անգամ չբացառեց, որ երկիրը կարողանա զրոյական վիճակով դուրս գալ, բայց դա գերլավատեսական սցենարի դեպքում:

«Կարող ենք ասել, որ տնտեսությունն անկումից դանդաղ դուրս է գալիս»,-նշեց պատգամավորը:

Այսպիսով, տնտեսական անկման տեմպը թուլանում է, պատգամավորը նկատեց, որ կհնչեն քննադատություններ, թե այսինչ ոլորտները խնդիրներ ունեն. այո, շատ ոլորտներ խնդիրներ ունեն, և դրանք երկարատև են լինելու, մինագամից հնարավոր չէ վերադառնալ նախաճգնաժամային իրավիճակին: «Բայց մյուս կողմից շատ կարևոր է, որ թե բիզնեսի, թե հասարակության մոտ սպասումները դրական լինեն, քանի որ տնտեսության մեջ շատ մեծ դեր են խաղում նաև սպասումները՝ հատկապես դրամավարկային քաղաքականության և այլ առումներով»,-ասաց նա:

Ամսական կտրվածքով տնտեսական անկման տեմպի թուլացման մասին են վկայում նաև վիճակագրական կոմիտեի տվյալները: Պատգամավորը նշեց՝ պետք է հնարավորինս առագ բարելավել առողջապահական վիճակն ու ըստ այդմ ավելի արագացնել վերականգնման տեմպը:

Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված անկումներ են արձանագրվում աշխարհի գրեթեր բոլոր երկրների տնտեսություններում:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ասիական ինդեքսներ - 21/10/26

Չգիտեմ՝ դա որքանով գործընկերային կլինի. Միրզոյանը՝ ՌԴ-ի կողմից գազի գնի հնարավոր բարձրացման մասին

Արարատ Միրզոյանին հայտնի չէ ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը սառեցնելու իրավական մեխանիզմ

Մակրոնն անակնկալ այցով ժամանել է Սաուդյան Արաբիա

Այս հարցը դեռ ճշգրտման կարիք ունի. Միրզոյանը՝ ՀՀ քաղաքացիների՝ Ադրբեջանի տարածքով ԹՐԻՓՓ-ի ընթացակարգով անցնելու հնարավորության մասին

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան