ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով է պարգևատրվել հուլիսի 27-ին հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հետմահու պարգևատրման հրամանագիրը հրապարակված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և անձնուրացության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի դասակի հրամանատար, կապիտան Աշոտ Գևորգի Միքայելյանին հետմահու պարգևատրել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»,- նշված է հրամանագրում:
Պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից: