Հասարակական

Արեւային ֆոտովոլտային կայաններ՝ Շողակաթում, Լճաշենում, Վարսերում, Մեծ Մասրիկում, Ծովինարում

2 րոպեի ընթերցում

Արեւային ֆոտովոլտային կայաններ՝ Շողակաթում, Լճաշենում, Վարսերում, Մեծ Մասրիկում, Ծովինարում

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Շողակաթ, Լճաշեն, Վարսեր, Մեծ Մասրիկ եւ Ծովինար համայնքներում կկառուցվեն արեւային ֆոտովոլտային կայաններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնից, 2020 թվականի ընթացքում արդեն սահմանված կարգով փոխվել են 110.4 հեկտար հողատարածքների նպատակային նշանակություններ՝ արեւային ֆոտովոլտային կայաններ կառուցելու համար: 27,6 հեկտար հողամասի նպատակային նշանակութուն փոխվել է Շողակաթում, 3,7 հեկտար՝ Լճաշենում, 32,7 հեկտար՝ Մեծ Մասրիկում, 5,8 հեկտար՝ Վարսերում, 40,6 հեկտար՝ Ծովինարում: Միաժամանակ տրվել են դրական եզրակացություններ՝ պետական սեփականություն հանդիսացող 436 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու համար:

Մարզպետարանի հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանի հավաստմամբ՝ վերոնշյալ համայնքներում արեւային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագրերը կմեկնարկեն այս տարվա վերջերին կամ եկող տարվա սկզբներից:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի վստահեցմամբ՝ այս ոլորտում ներդրումների մեծ հոսքը սպասվում է մարզի էներգետիկ ենթակառուցվածների հզորացումից անմիջապես հետո: «Մարզի էներգետիկ ենթակառուցվածների հզորությունն այս պահին սահմանափակ է եւ այլընտրանքային էներգիայի արտադրության նախատեսվող ծավալները ընդհանուր ցանցին միացնելու եւ իրացնելու հնարավորություն չի տալիս: Էներգետիկ ենթակառուցվածքների հզորացումից հետո արդեն մենք ակնկալում ենք ավելի մեծ ներդրումներ եւ խոշոր ծրագրերի իրականացում այլընտրանքային էներգետիկայի արտադրության ոլորտում»,- իրավիճակը ներկայացրեց մարզպետը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում