Տնտեսություն

Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

2 րոպեի ընթերցում

Առաջինը տարածաշրջանում Հայփոստը գործարկում է դրամական փոխանցումների նոր համակարգ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Միանալով Համաշխարհային Փոստային Միության համակարգի նոր ծրագրին՝ «Հայփոստ» ՓԲԸ-ն Ռուսաստանի փոստի (Почта России) հետ համատեղ մեկնարկել է դրամական փոխանցումների նոր «PosTransfer» համակարգ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ»-ից, Սա դրամական փոխանցումների նորագույն համակարգի առաջին գործարկումն է ոչ միայն ԱՊՀ երկրների տարածքում, այլև Համաշխարհային Փոստային Միության անդամ երկրների շրջանում:

Համակարգը հնարավորություն է ստեղծում Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ դրամական փոխանցումներ կատարել Հայաստանի և Ռուսաստանի բոլոր բաժանմունքներում ընդամենը 1,2% միջնորդավճարով: Հայաստանում դրամական փոխանցումները սպասարկվելու են ավելի քան 800 փոստային բաժանմունքներում, իսկ ՌԴ-ում՝ ավելի քան 30 000 սպասարկման կետում, ինչը նշանակում է, որ այսուհետ Հայփոստի միջոցով դրամական փոխանցումները հասանելի կլինեն ցանկացած նույնիսկ ամենահեռավոր համայնքում:

Համակարգը հասանելի է նաև օնլայն ռեժիմով և ապահովում է առավելագույն օպերատիվություն, դրամական փոխանցումն իրականացնելուց 15 րոպե անց հասցեատերը Հայաստանի կամ Ռուսաստանի ցանկացած փոստային բաժանմունքում կարող է ստանալ իր գումարը:

Միասնական դրամական փոխանցումների համակարգ ստեղծելու որոշումը կայացվել էր 2016թ-ի սեպտեմբերին Ստամբուլում կայացած Համաշխարհային Փոստային Միության կոնգրեսի ընթացքում: Սպասվում է, որ Համաշխարհային Փոստային Միության անդամ մնացած երկրները կմիանան PosTransfer համակարգին հետագա փուլերում:

Համաշխարհային Փոստային Միությունը միավորում է 193 երկիր, հանդիսանում է միջազգային միջկառավարական կազմակերպություն և ունի ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատության կարգավիճակ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում