Սահմանագոտու հրահրմամբ Անկարան նոր գործարք է առաջարկում Մոսկվային․ Շահան Գանտահարյանի հոդվածը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒԼԻՍՒԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Մեկ ազգ, երկու պետություն» առաջադրանքին ընդառաջ Բաքվի եւ Անկարայի ղեկավարների կատարած հայտարարություններում ռազմավարական մոտեցման առումով առանցքային զուգահեռներն ակներեւ են:

Ալիեւի համար ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է ղարաբաղյան տագնապի լուծման շուրջ անիմաստ բանակցություններից, եւ միջնորդները դա պետք է հասկանան: «Ադրբեջանցի ժողովուրդը հոգնել է այս անիմաստ բանակցություններից: Այդ իսկ պատճառով, բոլոր նրանք, ովքեր այս օրերին իրենց միջնորդական առաջարկներն են անում, թող մտածեն այս մասին, ադրբեջանցի ժողովրդի համբերությունը անսահման չէ»:

Իսկ Թուրքիայի նախագահը պարզապես նույն բովանդակությունն է կրկնել. «Անշուշտ Հայաստանը բռնագրավող է: Հայաստանի գրավումը տասնյակ տարիներ շարունակվում է: Նախիջեւանը բռնագրավված է եւ Մինսկի եռյակը 25-30 տարի է այդ գործը սեղանի վրա է թողել»: Թեկուզ տարածքի անվան սխալ օգտագործումով (Արցախի փոխարեն Նախիջեւան), Էրդողանը պարզապես կրկնել է Ալիեւի միտքը:

Պարզ է, որ Բաքուն եւ Անկարան որոշել են սաստկացնել ճնշումը` հակամարտության նոր տարողություն հաղորդելու եւ մանավանդ բանակցային ձեւաչափը փոխելու:

Տավուշի գործողությունները լիարժեք օգտագործելով Անկարան ազդանշան է տվել եվրոպական տարբեր քաղաքներում հակահայ ցույցեր կազմակերպելու: Որքան էլ լայնածավալ պատերազմական գործողություններ չնախատեսվեն, այդուհանդերձ քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետական սահմանը անհանգիստ եւ լարված պահելը բանակցային ձեւաչափի փոփոխությանը նպաստող ռազմավարական քայլ է:

Հակամարտության աշխարհագրական դիրքերը կփոխվեն այս ձեւով. Ադրբեջան-Արցախ հարաբերակցությունը կվերածվի Ադրբեջան-ՀՀ հակամարտության, շփման գիծը կվերածվի պետական սահմանագոտու: Իսկ Թուրքիայի արագ հակազդեցությունն ու նման ներգրավվածության չափը, կամ խնդիրը թեժ պահելու քաղաքականությունը հուշում են հակամարտության բանակցային լուծման նոր գործընթացի միտում եւ այդ գործընթացին մեջ Թուրքիայի դերակատարության ստանձնում:

Այս եղանակով եռյակը փոխարինելու օրակարգ առաջ կքաշեն Անկարան եւ Բաքուն: Թե՛ Ալիեւը եւ թե՛Էրդողանը խոսում են փաստորեն Մինսկի եռյակի սպառման, անարդյունավետության եւ հետեւաբար միջնորդական նոր ձեւաչափի կայացման անհրաժեշտության մասին:

Ահա այստեղ է, որ Անկարան քաղաքական նոր առեւտուր առաջարկում Մոսկվային: Աշխարհաքաղաքական հնչեղություն ունեցող հակամարտության վերահսկելիության դաշտից դուրս մղել ԱՄՆ-ին ու Ֆրանսիային եւ երկկողմ` Մոսկվա-Անկարա նոր պայմանավորվածություն ձեռք բերել:

Օրակարգը առնչվում է անշուշտ նոր օսմանականությամբ հատկանշվող Անկարայի արտաքին քաղաքականության հավակնոտ քայլերին եւ անմիջականորեն Լիբիայի հետ, ուր հակասական տրամագծությամբ դիրքավորվել են Մոսկվան եւ Անկարան: Նոր ճակատի հրահրմամբ ռազմաքաղաքական նոր գործարքի համար շահարկման նյութեր ստեղծելու քայլն է, որն առնում է Անկարան:

Հյուսիսարեւելյան սահմանգոտու թեժացումը հետապնդում էր ուրեմն հետեւյալ թիրախները.

Ա.- Ադրբեջան-Արցախ հակամարտությունը իրողապես եւ ապա իրավական առումով վերածել Ադրբեջան -Հայաստան հակամարտության:

Բ.- Շփման գիծը տեղափոխել պետական սահմանագոտի:

Գ.- Հակամարտության նոր գոտի ձեւավորելով առ ոչինչ կարգավիճակ հաղորդել 1994-հրադադարին, որը վերաբերում էր հիմնականում շփման գծին:

Դ.- Հակամարտության նոր տարողություն եւ էություն հաղորդելով ճնշել միջազգային ընտանիքի վրա բանակցային նոր ձեւաչափ ճշտելու` սպառած նկատելով ԵԱՀԿ-ի Մինսկի եռյակի առաքելությունը:

Ե.- Ադրբեջան-Հայաստան հակամարտությունը թեժացնելով ՌԴ-ի հետ ռազմաքաղաքական նոր գործարքներ առաջարկել:

Ծրագիրը դժվար թե գործնական դրսեւորում ունենա: Արցախյան թղթածրարը աշխարհի այն սակավաթիվ հակամարտություններից է, ուր ներգրավվել են թե՛ ԱՄՆ-ը, թե՛ ՌԴ-ն եւ թե՛ այս դեպքում ԵՄ-ի հենասյուներից Ֆրանսիան: Այս ձեւաչափը աշխարհաքաղաքական ներկա պայմաններում դժվար թե Անկարայի խուսանավումներին ընդառաջ զիջումների գնա։

Շահան Գանտահարյան

Հայերեն Русский

Գլխավոր դատախազը հյուրընկալել է «Եվրասիա» ավագ դպրոց վարժարանի և «Պատանի իրավաբանի դպրոց»-ի սաներին

Թրամփը նախատեսում է պատժամիջոցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ

IRI-ի նախագահը ՀՀ վարչապետի հետ հանդիպմանը վերահաստատել է ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգին աջակցությունը շարունակելու հանձնառությունը

Դոնալդ Թրամփը դեռևս չունի ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու պաշտոնական ծրագիր. Ուկրաինայի նախագահ

ՀՀ ՆԳՆ-ն հերքում է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Նոր նորքի բաժնի հետ կապված լուրը

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հերքել է Մյունխենում Ուկրաինայի խաղաղ կարգավորման ծրագիր ներկայացնելու մասին լուրերը

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել ԶՊՄԿ-ի աշխատակիցների հետ

Հայտնի են «Դեպի Եվրատեսիլ» նախագծի 12 մասնակիցները

Սանտորինիում արտակարգ դրություն է հայտարարվել երկրաշարժերի հետևանքով

«Բարի օր 2» կատակերգական ֆիլմն արդեն երևանյան կինոթատրոններում է