Հասարակական

Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

2 րոպեի ընթերցում

Կան էլի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ. Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը թույլ է տվել միջդիրքային տարածությունից տարհանել ադրբեջանական կողմի զինծառայողների դիերը, սակայն կան էլի այնպիսի տարածքներ, որտեղ մնացել են ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողների դիեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հուլիսի 16-ի ասուլիսում հայտնեց Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի պաշտոնական ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Օրվա ընթացքում հայկական զինված ուժերը թույլ են տվել ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներին նախորդ գիշերն իրենց ունեցած կորուստներից մնացած դիակները դուրս հանել տարածքից: Սա միակ տարածքը չէր, այդպիսի տարածքներ էլի կան, որտեղ կան մնացած ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների դիակներ»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա նկատեց, որ ադրբեջանական մամուլն այս մասով կեղծիքներ է տարածլ, և առաջացել է հետաքրքիր զավեշտալի հակասություն: «Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչո՞ւ էին մնացել այդքան ժամանակ, կամ եթե իրենց տարածքում էին, ապա ինչպե՞ս էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ այդ դիակները հանվեն: Հետևությունները թողնում եմ բոլորին»,-ասաց Հովհաննիսյանը:

Անդրադառնալով օպերատիվ իրավիճակին՝ նա հիշեցրեց, որ կեսօրից հետո ըստ էության ադրբեջանական զինված ուժերը Բերդի տարածաշրջանում կիրառել են մարտական հարվածային անօդաչու թռչող սարքեր: Հարվածներից մեկից վիրավորում է ստացել քաղաքացիական անձ: Դրանից հետո օգնության են հասել ԱԻՆ աշխատակիցները՝ մեքենայով: Մյուս հարվածը հասել է ԱԻՆ-ի մեքենային, բարեբախտաբար աշխատակիցները չեն տուժել: Այլ տուժածներ չկան:

Հուլիսի 16-ի վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից վերսկսվել էին Տավուշի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ հրետակոծությունները։ Հիմնական թիրախ են եղել Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Մովսես, Տավուշ գյուղերը և Բերդ քաղաքը։ Ադրբեջանի մարտական անօդաչուի հարվածից հուլիսի 16-ին վիրավորվել է Չինարի գյուղի մի բնակիչ:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում