ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը մոտենում է 10-ի. Արծրուն Հովհաննիսյան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական սահմանին Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած գործողությունների ընթացքում ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի թիվը մոտենում է 10-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Իջևանում՝ ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:
«ՀՀ Զինված ուժերի կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների թիվը 5-ից ավելի է, մոտենում է 10-ի»,- ասաց Հովհաննիսյանը:
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ: Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարքի խոցման տեսանյութը:
ՀՀ Զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվել, որոնց լուսանկարներից երևում էր, որ դրանք իսրայելական արտադրության են: Հուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։
Նորայր Շողիկյան