Ծովինար Համբարձումյանը նշանակվել է Իտալիայում ՀՀ դեսպան
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծովինար Համբարձումյանին նշանակել Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հռոմ)։ Այս մասին«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշանակման կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի (ՔԴԵԴ) տնօրեն Արմեն Զաքարյանը «Ֆեյսբուք»-ի իր գրառմամբ նշել է, որ Ծովինար Համբարձումյանը ՔԴԵԴ-ի շրջանավարտ է։ «Նրան ճանաչում եմ 15 տարի ու եթե նա դեսպան նշանակվեր 15 տարի առաջ, էլի կկարողանար այդ պաշտոնում արդյունավետորեն աշխատել: Իրենց ՔԴԵԴ-ական համարող բոլորի անունից շնորհավորում եմ Ծովինարին, վերստին մաղթելով արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք։ Մոտ մեկ տարի 1 առաջ նրան էլի շնորհավորելու առիթ ունեցել ենք` վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ նշանակվելու կապակցությամբ ու արձանագրել, որ հազվադեպ է պատահում, երբ ՔԴԵԴ-ի ընդունելության գրավոր աշխատանքը գրված է լինում էքսպերտային իմացությամբ ու մակարդակով: Իր դեպքում այդպես էր արդեն գրեթե մեկուկես տասնամյակ առաջ: Գումարած տարիների ընթացքում հավելված փորձառությունն ու իրեն բնորոշ պատասխանատվությունը......կարճ ասեմ, գործ ունենք գիտակ ու պրոֆեսիոնալ կադրի հետ: Ի դեպ, Իտալիան Ծովինարի համար նորություն չէ, նա տարիներ առաջ նաև սովորել է Հռոմում»,- նշել է արմեն Զաքարյանը՝ ուրախությամբ արձանագրելով, որ Ծովինար Համբարձումյանը չորրորդ ՔԴԵԴ-ականն է, որ նշանակվում է դեսպան։