Նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է, մեկը մյուսից մեծ ու անհավանական. Հարությունյան

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով՝ այժմ ժամանակն է Արցախում նորանոր երազանքներ դնելու և հասնելու, որոնք կլինեն մեկը մյուսից մեծ ու անհավանական: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն այս մասին ասաց ԱՀ Ազգային ժողովի հատուկ նիստում՝ պաշտոնը ստանձնելու համար երդման հանդիսավոր արարողությանն իր ելույթում:

Նախագահը նախ խորհրդանշական համարեց, որ Արցախի Հանապետության նախագահի բարձրագույն պաշտոնը ստանձնում է պատմական Շուշիում՝ այն էլ հաղթական մայիս ամսին: «Երբ 28 տարի առաջ Արցախի ինքնպաշտպանական ջոկատների կազմում գրոհում էինք Շուշիի բաղձալի բարձունքը, ես և բոլոր մարտիկները մեկ երազանք ունեինք՝ տեսնել Արցախը միացած մայր Հայաստանին, ինչպես նաև ազատ՝ օտար լծից, մահաբեր պատերազմից և զրկանքներից: Այսինքն, երազանք ունեինք տեսնել միացյալ և ազատ հայրենիք: Այդ երազանքի կերտման ընթացքը հեշտ չէր»,-ասաց Հարությունյանը:

Անդրադառնալով Շուշիի ազատագրման գործողություններին՝ նա նկատեց, որ սեփական ներուժին ապավինելու շնորհիվ, նվիրյալների կյանքի և ջանքի գնով, համայն հայության միակուռ սատարումով հաջողվել է հասնել միացյալ և ազատ հայրենիք ունենալու մեծ երազանքին, և 28 տարի շարունակ պահպանել և զարգացնել այն: «Այժմ նորանոր երազանքներ դնելու և հասնելու ժամանակն է, մեկը մյուսից մեծ ու անհավանական: Այժմ ժամանակն է երազելու և գործելու ռազմական, տնտեսական ու քաղաքակրթական առումներով զորեղ հայրենիքի կերտման ուղղությամբ, այժմ ժամանակն է երազելու և գործելու ժողովրդի համար բարեկեցիկ և արժանապատիվ կենսապայմաններ ապահովելու ուղղությամբ, ժամանակն է երազելու և գործելու մեծ հայրենադարձության իրականացման ուղղությամբ: Այժմ ժամանակն է երազելու և գործելու Հայոց միացյալ հայրենիքի համամարդային և միջազգային դերակատարության ու պատասխանատվության շեշտակի բարձրացման ուղղությամբ: Ժամանակն է անհավանական թվացող համազգային երազանքներ ունենալու և ինչ-որ պահի գիտակցելու, որ մեր իրական հնարավորություններից անհամեմատ ավելի քիչ բան ենք երազել»,-ասաց նախագահը:

Նա երդվեց երազելու և գործելու հնարավորություն պարգևած հայորդիների հիշատակով, որ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում անելու է առավելագույնը՝ իր գործառույթների պատշաճ իրականացման և այս ու մի շարք համազգային երազանքների կյանքի կոչմանը նպաստելու ուղղությամբ:

«Սիրելի հայրենակիցներ, Արցախը Հայաստան է և վերջ: Պատմական այս հանրահայտ աքսիոմի ակունքները դարեր ի վեր հարստացել են՝ միայն սեփական հողում հայ մարդու արարման ձիրքով ու ջանքով»,-ասաց Հարությունյանը:

Նախագահը խոսեց նաև Հայոց ցեղասպանության արհավիրքի մասին, որից հետո հայ ազգը վերստին ուժ գտավ՝ վեր հառնելու, դարավոր զրկանքներից հետո մեջքն ուղղելու և կրկին հաղթական մայիս ամսին հիմնելու ազգային պետականություն: «Նույնիսկ այդ ժամանակ նորից հարթ չէր հայության ճամփան՝ ներառյալ Արցախում, որտեղ հատկապես Շուշիի հայությունը առերեսվեց ցեղասպանության գործողությունների: Արցախը խեղդվեց և մասնատվեց նաև հետագա 70 տարիների ընթացքում՝ խորհրդային Ադրբեջանի բռնաճնշումների ներքո: Նոր ցեղասպանությունը կանխելու համար ոտքի կանգնեց արցախահայությունը՝ թիկունքում ունենալով համայն հայության անվերապահ ու անմնացորդ աջակցությունը: Արցախյան շարժումը համազգային զարթոնք էր, Արցախյան շարժումը հայտ էր՝ թոթափելու զոհի կերպարը և սեփական ձեռքով կերտելու սեփական ճակատագիրը»,-ասաց Արցախի նախագահը:

Նա նկատեց նաև, որ պատվով ու հաղթանակով դուրս գալով պարտադրված Հայրենական պատերազմից՝ պետականության կերտման ճանապարհին բարդ ու դժվարին մարտահրավերներ են հաղթահարել: «Այդ 26-ամյա ընթացքը պատերազմ էր, պատերազմից հետո պատերազմ էր՝ պատերազմի բացառման նպատակով: Հիմնահատակ քայքայված տնտեսության վերականգնումը, մթության, սովի և ավերված ենթակառուցվածքների պայմաններում նոր պատերազմ է իրենից ներկայացնում, որը դեռև ամբողջովին չի ավարտվել: Սակայն մյուս կողմից նշանակալի են հաջողությունները, որոնց արձանագրման գործում ավելի քան մեկ տասնամյակ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ ես էլ իմ համեստ ներդրումը բերելու հնարավորություն եմ ունեցել»,-ասաց Հարությունյանը:

Դիմելով երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ Հարությունյանն իր խորին երախտագիտությունը հայտնեց ՝ հայրենիքին մատուցած մեծ ծառայությունների ու հետևողական աշխատանքի և իրեն այդ գործում տրված հնարավորության համար: Այդ ժամանակահատվածը նա համարում է Արցախի պատմության ամենածաղկուն շրջանը: Հարությունյանը շնորհակալություն հայտնեց նաև Արցախի պետականաշինության և հաղթանակների կերտման գործում ամենափոքր ներդրումն իսկ ունեցած բոլոր պետական և ազգային գործիչներին, բոլոր հայրենանվեր անձանց ու կազմակերպություններին՝ Արցախում, Մայր հայրենիքում և Սփյուռքում: Հարությունյանը նաև իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Աննա Գրիգորյան

Հայերեն العربية English Русский

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Երևանում անցկացրեց «Ժողովրդի համբերության բաժակը լցնելու» քաղաքական ակցիան

ՆԳ նախարարությունն ընտրական գործընթացի ընթացքում կապահովի շուրջօրյա արձագանք․ կգործեն թեժ գծեր

Գրոսին եռակողմ հանդիպում է անցկացրել Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի ներկայացուցիչների հետ

Երևանում տեղի ունեցավ «Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանդիպումն ընտրողների հետ

Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են եղել նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի

Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ

Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Մակրոնը ողջունել է Զելենսկու բաց նամակը Պուտինին

ՌԴ-ն Ուկրաինային է մեղադրել Ազովի ծովում հարձակման համար, կապի մեջ է Ադրբեջանի հետ