Քաղաքականություն

Հայկական կողմի համար սպառնալիքի լեզուն անընդունելի է. ՀՀ ԱԺ պատգամավորը հակադարձեց Ադրբեջանի ՊՆ-ին

2 րոպեի ընթերցում

Հայկական կողմի համար սպառնալիքի լեզուն անընդունելի է. ՀՀ ԱԺ պատգամավորը հակադարձեց Ադրբեջանի ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը վերահաստատեց, որ անհնար է հայկական կողմին սպառնալիքի ներքո հարկադրել հետքայլ կատարել անվտանգության հետ առնչվող խնդիրներից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայրապետյանը այս մասին ասաց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարությանը:

Պատգամավորը հիշեցեց, որ օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդես է եկել հայտարարությամբ, թե ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը բարձրացել է: «Որևէ մեկի համար նորություն չեն Ադրբեջանի կողմից հնչող ռազմատենչ հայտարարությունները: Մենք դրա ականատեսն ենք եղել տարիների շարունակ: Մի կողմ թողնենք, որ դա հստակ քարոզչական բնույթ ունի: Մյուս կողմից ուզում եմ վերահաստատել այն դրույթը, որ չեն կարող լինել խաղաղ և արդյունավետ բանակցություններ՝ ատրճանակի սպառնալիքի ներքո, և ընդհանրապես սպառնալիքի և սպառնալիքի կիրառման լեզուն մեզ համար անընդունելի է»,-ասաց Հայրապետյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Ադրբեջանը շատ ավերածություններ է արել, ոչնչացրել հայկական հուշարձաններ: Այդ ճակատագրին է արժանացել նաև Նելսոն Ստեփանյանի արձանը Շուշիում, 1988-ին Գանձակում ոչնչացվել է նաև Մարշալ Բաղրամյանի կիսանդրին: Պատգամավորը նկատեց, որ հենց այդ դրվագները հստակ ցույց են տալիս այլատյացության ամբողջական սպեկտրը:

«Հարսանիք լեռներում» հայտնի օպերացիան և դրանում ամբողջական քաջության դրսևորումը հստակ ցույց է տալիս մեր անփոփոխ և անզիջում դրսևորումը մեր կենսական անվտանգությանը վերաբերվող հարցերին: Եվ ցանկանում եմ նշել, որ այդ քաջությունը վստահորեն փոխանցվել է նաև հետագա սերունդներին: 2016-ի ապրիլին դա մեկ անգամ ևս ի ցույց դրվեց: Դա մեկ անգամ ևս փաստում է, որ մեզ համար սպառնալիքի լեզուն անընդունելի է, և որևէ ձևով չի կարող դրա ներքո հարկադրել մեզ հետքայլ կատարել մեր անվտանգության հետ առնչվող խնդիրներից»,-եզրափակեց Հայրապետյանը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում