Տնտեսություն

ԱԺ-ն քննարկեց կենսական նշանակության ճանապարհների բարելավման համար վարկային համաձայնագրի հարցը

3 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկեց կենսական նշանակության ճանապարհների բարելավման համար վարկային համաձայնագրի հարցը

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պատգամավորերը քննարկեցին Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն ԱԺ ապրիլի 17-ի նիստում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2019-ի հոկտեմբերի 10-ին: Համաձայնագրով բանկը Հայաստանին տրամադրում է 13 մլն 400 հազար եվրո գումար՝ «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի երկրորդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի իրականացման համար: Ծրագիրը հանդիսանում է այժմ գործող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի և կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման ծրագրի շարունակությունը: Եվ դա վարկային համաձայնագրում նշված վերանորոգման ենթակա 450 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհի մի հատվածն է, 3-րդ ծրագիրն է սա: Նոր ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել շուրջ 65 կմ երկարությամբ 12 ճանապարհահատվածների վերանորոգում, որոնք կընդգրկեն ՀՀ Արմավիրի, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերը»,-ասաց նախարարը:

Այս պահին արդեն իսկ մի շարք մրցույթներ հայտարարված են՝ դրանցից 4 ճանապարհների համար՝ Գեղարքունիքի, Արմավիրի, Սյունիքի մարզերում՝ ընդհանուր 23.1 կմ: Դա գործող ծրագրի շրջանակում կազմված նախագծերի հիման վրա է կատարվել: Պապիկյանի խոսքով՝ ևս մի հատված այս ծրագրի շրջանակում կիրականացվի՝ 41.9 կմ, նախագծերն արդեն իսկ ավարտական փուլում են: Խորհրդարանի կողմից հաստատվելուց հետո կդրվեն մրցույթի:

Անուշ Բեղլոյանը նկատեց՝ հասարակությունը դեռ լավ չի պատկերացնում, թե ինչ սկզբունքով են ընտրվում այն ճանապարհները, որոնք վերանորոգվում են, խնդրեց ներկայացնել չափանիշները: Պապիկյանը պատասխանեց՝ կոնկրետ այդ ծրագրով ընտրությունը կատարվել է բանկի հետ համատեղ, խորհրդատուների մասնակցությամբ: Այսինքն՝ նախարարությունն այս փուլում որևէ միջամտություն չի ունեցել, արդեն իսկ նախանշված են եղել այդ ճանապարհների կառուցման ծրագրերը, բայց նա հաստատեց, որ չի վերանորոգվի կամ վերակառուցվի մի ճանապարհ, որը դրա կարիքը չունի: Նախարարը նշեց, որ դրանք իրոք կենսական նշանակության ճանապարհներ են:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում