Հասարակական

Քաղավիացիայի ղեկավարությունը մտադիր է ինքնաֆինանսավորմամբ ավելացնել կոմիտեի հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Քաղավիացիայի ղեկավարությունը մտադիր է ինքնաֆինանսավորմամբ ավելացնել կոմիտեի հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նախատեսում է մրցունակ աշխատավարձով լավ մասնագետներ ներգրավելու համար ավելացնել բյուջեն՝ ինքնաֆինանսավորմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեսակապով ասուլիսում հայտնեցին Քաղավիացիայի կոմիտեի՝ արձակուրդում գտնվող ղեկավար Տաթևիկ Ռևազյանը՝ անդրադառնալով ԵՄ թռիչքային անվտանգության գործակալության կողմից նկատած թերություններին և դրանց շտկման ուղղությամբ կատարվող աշխատանքներին:

«Ապագայում պետք է կարողանանք շատ լուրջ մասնագետների ներգրավել: Մենք մրցակցում ենք մասնավոր հատվածի հետ, որտեղ օդաչուն, ինժեները կարող են հազարավոր դոլար աշխատավարձ ստանալ, այսինքն մոտիվացիա չունեն կոմիտեում աշխատելու: Մենք այս թեմայի շուրջ խոսել ենք 80-ից ավելի երկրների հետ: Հասկացել ենք, որ ճիշտ ճանապարհն ինքնաֆինանսավորման ճանապարհն է՝ գանձել գումար մեր ծառայությունների համար: Այդ ամենն իրականցանելու համար պետք է օրենսդրական փոփոխություններ արվեն: Ներգրավել ենք երեք մասնագետների, որոնք մեզ աջակցելու են այդ փաթեթը պատրաստել»,-ասաց Ռևազյանը:

Նա նշեց, որ ԵՄ թռիչքային անվտանգության գործակալոթյունը ևս նկատել էր, որ շատ խնդիրներ առաջանում են նրանից, որ չենք կարողանում ճիշտ մարդկանց ներգրավել մեր կառույցում՝ հաշվի առնելով, որ ռեսուրսների պակաս կա:

Բացի այդ կոմիտեն որոշել է, որ անկախ թիմ է ներգրավելու կոմիտեում, որը չի զբաղվելու ընթացիկ հարցերով: Այդ խումբը զբաղվելու է ռազմավարական հարցերով, որ լուրջ փոփոխություններ բերի:

Եվրոպական միության թռիչքային անվտանգության գործակալությունը իր զեկույցում ՀՀ քաղավիացիայի աշխատանքում արձանագրել է մի շարք թերություններ: Դրանք, կոմիտեի ներկայացմամբ, կապված են եղել հիմնականում աշխատանքի՝ ոչ միասնական մոտեցումների հետ, երբեմն տարբեր վարչություններ տարբեր մոտեցումներ են ունեցել: Բացի այդ կոմիտեն չի ներկայացրել որոշ զեկույցներ: Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը վստահեցնում է, որ այդ թերությունները տարիների վաղեմություն ունեն:

Աննա Գրիգորյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում