Քվեարկելու հնարավորություն է տրվել նաև ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին
3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլում քվեարկելու հնարավորություն է տրվել նաև կորոնավիրուսի վարակման կասկածով ինքնամեկուսացված Միրիկ գյուղի բնակիչներին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 14-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակի պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Բնական է` արտակարգ իրավիճակի պայմաններում կան որոշակի սահմանափակումներ: Չեմ բացառում, որ Միրիկ համայնքում մասնակցությունը կլինի չնչին կամ էլ չի լինի, համենայն դեպս այդ հնարավորությունը բոլոր քաղաքացիների համար ստեղծված է: Ինչ վերաբերում է արտակարգ իրավիճակում առկա սահմանափակումներին, ապա նշեմ, որ մենք կգործենք իրավիճակի զարգացումներին համապատասխան: Երեկ երեկոյան իմ կողմից արդեն իսկ ստորագրվել է 4 որոշում: Եվ այն բոլոր սահմանափակումները, որոնք հիմա սահմանված են ՀՀ-ում, մենք կկիրառենք աստիճանաբար՝ ըստ անհրաժեշտության»,- ասել է Մարտիրոսյանը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Նորայր Շողիկյան