Արցախում ընտրությունների մասնակիցներին հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը
3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությանը մասնակցող քաղաքացիներին ընտրական տեղամասերում հորդորում են պահպանել սոցիալական հեռավորությունը` կորոնավիրուսի վարակի տարածումը կանխարգելելու նպատակով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նաիրա Պետրոսյանը:
«Տեղամասում, իհարկե, կուտակումներ չկան, սակայն հորդորում ենք մեր քաղաքացիներին պահպանել սոցիալական հեռավորությունը: Հանձնաժողովի անդամները պարտադիր կերպով բոլոր ընտրողներին տրամադրում են դիմակ, անհատական գրիչ և ձեռնոց: Նշեմ, որ ընտրատեղամասում ընտրություններին հետևում են ինչպես դիտորդներ, այնպես էլ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Մինչ այս պահը նրանց կողմից որևէ խախտում չի արձանագրվել, և քվեարկության ընթացքը բնականոն հունով է ընթանում»,- ասել է Պետրոսյանը:
Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում ժամը 11:00-ի դրությամբ քվեարկել է 119 քաղաքացի:
Արցախի Հանրապետությունում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ապրիլի 14-ի, ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Մարտի 31-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներով` Արցախի նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում երկրորդ փուլ են դուրս եկել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը` 49,26% «կողմ» ձայնով, և Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը` 26,4% «կողմ» ձայնով։
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում:
Արցախի Հանրապետության ոստիկանության` 2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն, Արցախի Հանրապետությունում ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 103.637, որոնցից 832 հոգի ընտրություններին կմասնակցի Երևան քաղաքում ձևավորված ընտրական տեղամասում, իսկ 1270-ն ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:
Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը «Ֆեսյբուք»-ի իր էջում արցախցիներին կոչ է արել չմասնակցել ապրիլի 14-ին կայանալիք ընտրություններին՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։
Արցախում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 7-ին Միրիկ գյուղում, դեպքերի թիվը հասել է 6-ի: Միրիկ գյուղի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Մեկուսացված է 17 անձ։ Թեստավորված քաղաքացիների ընդհանուր թիվը 59 է։ Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ։
Նորայր Շողիկյան