Տնտեսական գործունեության որոշ տեսակներ ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց տնտեսական գործունեության այն տեսակների ցանկը, որոնք ամբողջությամբ թույլատրված կլինեն ապրիլի 13-ից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում։

«Ամբողջությամբ թույլատրված կլինեն գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն, ձկնորսություն, ձկնաբուծություն, հանքարդյունաբերություն և բացահանքերի շահագործում, էլեկտրականություն, գազ, գոլորշի և լավորակ օդ ոլորտի գործունեությունը, ջրամատակարարում, թափոնների կառավարում և վերամշակում, կոյուղի, փոխադրումներ և պահեստային տնտեսություն, ֆինանսական և ապահովագրական գործունեություն, պետական կառավարման պաշտպանություն և պարտադիր սոցիալական ապահովության ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտը և օտարերկրյա կազմակերպությունների գործունեությունը։ Նաև որոշում ենք կայացրել, որ ապրիլի 13-ից ամբողջությամբ կթույլատրենք բացօթյա շինարարական գործունեությությունը, ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց, որ ապրիլի 20-ից հետո ընկած ժամանակահատվածում կբացվեն նաև հագուստի արտադրությունը, տեքստիլ ոլորտը, տնտեսական խանութների գործունեությունը կթույլատրվի, աշխատելու հնարավորություն կտրվի նաև գիտական հետազոտությունների ու մշակման ոլորտին։

«Ամենառիսկային խումբը մեզ համար տեքստիլ ոլորտն է։ Մեր այսօրվա մեծ թվերի հիմնական տանող ուժը եղել է տեքստիլ արտադրությունը: Մենք հասկանում ենք, որ մարդիկ պետք է աշխատեն և առաջիկայում տեքստիլ ոլորտի մեր գործարարների հետ մանրամասն խորհրդակցություններ կունենանք, որպեսզի կարողանանք նրանց ցույց տալ, թե ինչպես կարող են արտադրությունը կազմակերպել հնարավորինս անվտանգ»,- նշեց վարչապետը։

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի, որովհետև մեր փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի։ Մյուս կողմից, այն ոլորտները, որտեղ աշխատելը թույլատրվելու է, աշխատակիցների տրանսպորտային ծախսերն ու փոխադրումները պետք է հոգան գործատուները: Միջմարզային երթևեկությունն առնվազն առաջիկա շաբաթվա ընթացքում ևս արգելվելու է։ Թույլատրվելու էտաքսիների գործունեությունը, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գործունեությունը, նաև անձնական փոխադրամիջոցներով երթևեկելը, սահմանափակումների շրջանակում, թույլատրվելու է:

Ապրիլի 11-ին Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստում առաջարկվել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը, պահպանել տեղաշարժի, հանրային տրանսպորտի, միջմարզային շարժի գործող սահմանափակումները, որոնց ժամանակացույցի վերաբերյալ կլինեն պարետի համապատասխան որոշումներ: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

Հայաստանում ապրիլի 11-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 966 է, արձանագրվել է մահվան 13 դեպք: Թեստերից 6484-ը բացասական արդյունք է տվել: Կորոնավիրուսից ապաքինված պացիենտների թիվն ավելացել է 24-ով և բուժվածների գումարային թիվը դարձել է 173: Այս պահին փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ:

Նորայր Շողիկյան

Հայերեն English Русский

Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը

Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային

Փաշինյանը շնորհավորել է Սթարմերին Մեծ Բրիտանիայի Ազգային օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը աշխարհի առաջատար համալսարանների շրջանավարտներին հրավիրում է ընդգրկվել ՀՀ կառավարության կադրային բանկում

ԱՄՆ պետքարտուղարն ու Հնդկաստանի ԱԳ նախարարը քննարկել են Հորմուզի նեղուցի շուրջ վերջին իրադարձությունները

Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով կմեկնի Բելառուս

Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով

Դեյվիդ Բեքհեմին աստղ է շնորհվել Հոլիվուդի «Փառքի ծառուղում»

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետների վերաբերյալ