Արցախ

Արցախի ջանքերը պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը. ԱՀ ԱԳՆ

5 րոպեի ընթերցում

Արցախի ջանքերը պետք է ստանան միջազգային հանրության աջակցությունը. ԱՀ ԱԳՆ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում և,հետևաբար, հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է մարտի 31-ին Արցախում կայացած համապետական ընտրությունների վերաբերյալ հայտարարության մեջ։

«2020թ. մարտի 31-ին, համաձայն2017 թ.համաժողովրդական հանրաքվեով ընդունված Սահմանադրության,ԱրցախիՀանրապետությունում միաժամանակ կայացել են հերթական՝ վեցերորդ նախագահական և յոթերորդ խորհրդարանական ընտրությունները։

Հանրապետության իշխանությունների կողմից ստեղծվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզիկայանան մրցակցային, ազատ և միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ:Արցախում կայանալիք ընտրություններն աննախադեպ ուշադրություն են գրավել. ավելի քան 140 միջազգային դիտորդ և շուրջ 40 օտարերկրյա լրագրող՝ 38 երկրներից, պատրաստակամություն են հայտնել մասնակցել ընտրություններին։ Ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) վարակի տարածմամբ պայմանավորված տարբեր երկրների կողմից ձեռնարկվող կանխարգելիչ միջոցառումների, այդ թվում՝ ճամփորդության սահմանափակումների պատճառով հնարավոր չեղավ ապահովել միջազգային դիտորդների և օտարերկրյա լրագրողների մասնակցությունը։ Խորին երախտագիտություն ենք հայտնում բոլոր միջազգային դիտորդներին, ովքեր պատրաստակամություն են հայտնել՝ իրենց մասնակցությամբ սատարելու Արցախում այս կարևոր ժողովրդավարական գործընթացին։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցել են Արցախից և Հայաստանից ոչ կառավարական կազմակերպությունների շուրջ 950 ներկայացուցիչներ։

Ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում՝ ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է ընտրողների ընդհանուր թվի 72,2 տոկոսը: Ըստ Արցախի Հանրապետության ԿԸՀ նախնական տվյալների՝ Ազգային ժողով են անցել 5 քաղաքական ուժեր։ Հարկ է նշել, որ պատգամավորական մանդատների համար պայքարել են 10 քաղաքական կուսակցություն և 2 կուսակցությունների դաշինք: Քանի որ, որ նախագահի թեկնածուներից ոչ մեկը չի հավաքել ձայների ավելի քան 50%-ը, նշանակվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլ, որը տեղի կունենա օրենքով սահմանված ժամկետներում:

Քաղաքական բազմակարծության և թափանցիկպայմաններում կայացածընտրությունները հերթական անգամ ի ցույց դրեցին Արցախի Հանրապետության իշխանությունների վճռականությունը՝ ժողովրդավարական սկզբունքների հիման վրա հանրային կյանքի արդյունավետ կազմակերպման, պետական ինստիտուտների հետևողական կատարելագործման և հանրային վերահսկողության արդյունավետ մեխանիզմների ապահովման հարցում։

Համոզված ենք, որ ժողովրդավարական ավանդույթների ամրապնդումը և դրանց տարածումը ողջ Հարավային Կովկասում կարևոր ներդրում կդառնա տարածաշրջանում խաղաղության, կայունության և կանխատեսելիության ապահովմանգործում, ինչպես նաև անհրաժեշտ պայմաններ կստեղծի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման համար՝ բացառապես խաղաղ միջոցներով:

Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի հետևողական ջանքերը պետք է աջակցություն ստանան միջազգային հանրության կողմից, քանզի ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ամրապնդումը համընդհանուր բնույթ է կրում ևհետևաբար հանդիսանում է ողջ համաշխարհային հանրության կոլեկտիվ պատասխանատվությունը։ Այս ճանապարհին արհեստական խոչընդոտների ստեղծումը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հիմնարար միջազգային փաստաթղթերի դրույթների խախտում է»,- ասված է հայտարարության մեջ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում