Արցախ

Արցախում ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,3%-ը

4 րոպեի ընթերցում

Արցախում ժամը 14:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 48,3%-ը

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի ժամը 14:00-ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3%-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչը։

«Մարտի 31-ի, ժամը 14։00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 50 հազար 534 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48,3%-ը»,– ասաց նա։

ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների.

Ստեփանակերտում քվեարկել է 17 349 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 44,5%-ը, Ասկերանում` 6 919 ընտրող կամ 57,2%-ը, Հադրութում` 4 901 ընտրող կամ 55,7%-ը, Մարտակերտում` 6 858 ընտրող կամ ընտրողների 51,3%-ը, Մարտունիում` 8 285 ընտրող կամ ընտրողների 47,8%-ը, Շահումյանում` 1 099 ընտրող կամ 51,4%-ը, Շուշիում` 1 935 ընտրող կամ ընտրողների 49%-ը, Քաշաթաղու` 2978 ընտրող կամ ընտրողների 41,9%-ը։

Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 210 ընտրող կամ ընտրողների 27,1%-ը։

Արցախում մարտի 31-ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։

Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու՝ Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։

Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.

  1. «Ազգային վերածնունդ» կուսակցություն
  2. «Միասնական հայրենիք» կուսակցություն
  3. «Անկախության սերունդ» կուսակցություն
  4. «Հայ hեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
  5. Արցախի հեղափոխական կուսակցություն
  6. «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
  7. Արցախի «Արդարություն» կուսակցություն
  8. Արցախի ժողովրդավարականկուսակցություն
  9. «Միացյալ Հայաստան» կուսակցություն
  10. Արցախի պահպանողական կուսակցություն
  11. Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
  12. «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք

Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։

Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում