Նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը քվեարկել է հանուն Արցախի անվտանգության և արդարության։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին Բալասանյանը հայտնեց քվեարկությունից հետո, լրագրողների հետ զրույցում։
«Ընտանիքով ենք եկել քվեարկության։ Քվեարկել եմ հանուն Արցախի անվտանգության և արդարության»,– ասաց Բալասանյանը։
Նախագահի թեկնածուն նշեց, որ այս պահի դրությամբ որևէ խախտում իրենք չեն արձանագրել։
Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։
Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։
Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։
Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ.
- «Ազգային վերածնունդ» կուսակցություն
- «Միասնական հայրենիք» կուսակցություն
- «Անկախության սերունդ» կուսակցություն
- «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
- Արցախի հեղափոխական կուսակցություն
- «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
- Արցախի «Արդարություն» կուսակցություն
- Արցախի ժողովրդավարական կուսակցություն
- «Միացյալ Հայաստան» կուսակցություն
- Արցախի պահպանողական կուսակցություն
- Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
- «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։
Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։