Վերլուծություն

Որտե՞ղ է ըմբռնումով մոտեցող մարդկանց և չափազանց խիստ միջոցների շփման սահմանը

4 րոպեի ընթերցում

Որտե՞ղ է ըմբռնումով մոտեցող մարդկանց և չափազանց խիստ միջոցների շփման սահմանը

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արտակարգ իրավիճակի ռեժիմի պայմաններում կյանքը, կարծես, կանգ առած լինի։ Սահմանափակված է ինչպես մարդկանց աշխատանքային գործունեությունը, այնպես էլ տեղաշարժի հնարավորությունը։ Այս խառնաշփոթի առաջին օրերին հետաքրքիր թվացող զարգացումներն այսօր արդեն ձանձրալի են դառնում։ Աստիճանաբար կոլապսի է հասնում համաշխարհային տնտեսությունը, դրա հետ էլ հանրային կյանքը տարբեր երկրներում։

Ի՞նչ է հակադրում կորոնավիրուսին Հայաստանը։ Տոտալ ինքնամեկուսացում, որին որոշ դեպքերում քաղաքացիները չեն հետեւում, տիրում է որոշ թյուրըմբռնում, կամ լրջության գիտակցության պակաս, կամ մարդկանց՝ մի օր ավելի աշխատելու ձգտում...

Մարտի 25-ին տեղի ունեցած պարետատան հերթական նիստում ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարել էր. «Տնից դուրս գալիս մարդիկ պետք է լրացնեն եւ իրենց հետ ունենան մի թերթիկ, որը կարող են ձեռագիր լրացնել, որտեղ գրված կլինեն տվյալները, թե որտեղից է դուրս գալիս մարդը, ուր է գնում, երբ է դուրս գալիս, երբ է վերադառնալու։ Եվ, անպայման, կրեն իրենց հետ անձնագիր կամ նույնականացման քարտ, որովհետեւ այսօրվանից ՀՀ-ում գտնվող բոլոր անձինք համարվում են ինքնամեկուսացված, բացառությամբ այն դեպքերի, որոնք սահմանվել են նույն որոշմամբ։ Այն է՝ եթե նրանք գնում են աշխատանքի, եթե իրենց աշխատանքի տեսակը արգելված չէ, եթե գնում են խանութ, եթե գնում են դեղատուն, եթե գնում են անձի մոտ, ով խնամքի կարիք ունի»։

Որքան էլ պարետի այս պահանջը տարօրինակ հնչի, սա գործիք է, որը կիրառվում է նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։ Եթե մենք մտահոգված ենք այդ վիրուսի տարածումով, պետք է հետեւենք հրահանգին։ Եթե չենք հետեւում, նշանակում է՝ մեր մեղքի մի փոքր բաժինն ենք ունենում կորոնավիրուսի դեմ պայքարում կառավարության ջանքերի արդյունավետության ոչ բավարար լինելու հարցում։ Նման իրավիճակում շատ բաներ կախված են մեր ինքնակազմակերպման հնարավորությունից։ Ամենաարդյունավետ հրահանգը կարող է ոչ մի օգուտ չտալ, եթե չկա կատարողների, այս դեպքում՝ քաղաքացիների, կազմակերպվածություն։

«Արդեն իսկ գործում է սահմանափակումը, որ մարդատար ավտոմեքենաներում երկու անձից ավելի չեն կարող տեղափոխվել, եւ պետք է խնդրեմ, որպեսզի ճանապարհային ոստիկանությունը խստորեն հետեւի այս որոշմանը»,–հավելել էր Տ. Ավինյանը։

Առանց այն էլ՝ եթե մայրաքաղաքում ժամանցի բոլոր կենտրոնները փակ են, ընտանիքով ժամանցային ուղեւորություններ կատարելու առիթ, ցանկություն ու հնարավորություն էլ չկա, պարզ չէ՞, որ եթե մարդիկ տանից դուրս են գալիս, ուրեմն հույժ անհրաժեշտություն կա։ Մի՞թե այս սահմանափակումը պահանջվածից մի փոքր ավելի չէ, մի՞թե խստության առումով սա չափազանց չէ։ Սա մի փոքր մտորելու տեղիք է տալիս։

Մյուս կողմից, իհարկե, հասկանալի է, որ ոչ բոլորն են հակված ենթարկվելու ու լրջորեն մոտենալու ինքնամեկուսացման հարցին, եւ այս առումով այդ խստացումները հասկանալի են։ Խնդրի կարեւորագույն կողմը հենց այս երկու հարթությունների հպման նուրբ եզրը, սահմանը գտնելն ու այն չտրորելն է։ Ինչպե՞ս անել, որ խստություններից չտուժեն բարեխիղճ քաղաքացիները, բայց միեւնույն ժամանակ ինչպիսի՞ կարգ սահմանել, որ ոչ բարեխիղճ քաղաքացիները չփորձեն չարաշահել ընձեռված հնարավորությունն ու առիթը։

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում