Ադրբեջանի մշակութային ցեղասպանության քաղաքականությունը Շուշիի ջարդերի օրինակով

8 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 1918-1920 թթ․ Արցախի թեմը, գտնվելով երկրամասում տեղի ունեցող գործընթացների կենտրոնում, մեծ ներդրում ուներ Արցախի կրթական, մշակութային և քաղաքական կյանքում:

Մինչ Առաջին աշխարհամարտը թեմի նախաձեռնությամբ Արցախում գործում էր 68 ծխական դպրոց, որոնցից 8-ը՝ Շուշի քաղաքում, 60-ը՝ գյուղերում, ինչպես նաև 27 պետական տարրական դպրոց։ Պատերազմի և հաջորդող ծանր տարիներին դպոցներից շատերը փակվեցին։ Թեմի ջանքերով 1918 թվին Շուշիում վերաբացվել էին Արցախի Թեմական, Մարիամ Ղուկասյան օրիորդաց դպրոցները և շարունակում էին գործել գյուղերի որոշ ծխական դպրոցներ։ Արցախի թեմի հովանավորությամբ միայն Շուշիում գործում էին Ղազանչեցոց սուրբ Ամենափրկիչ, Կանաչ-ժամ, Ագուլեցոց, Մեղրեցոց և Կուսանաց եկեղեցիները (Շ. Մկրտչյան, Արցախի գանձերը):

Ղարաբաղի թեմի առաջնորդը Վահան եպիսկոպոսն էր, որը Եղիշե Իշխանյանի (1917 թ.-ի վերջից մինչև 1919 թ. հուլիս Ղարաբաղի վարչական ինքնակառավարման մարմնի ղեկավարներից) բնորոշմամբ համեստ մարդ էր, վայելում էր ժողովրդի հարգանքը և չկար որևէ բանագավառ, որտեղ նրա կարիքը չզգացվեր (Ե. Իշխանեան, Լեռնային Ղարաբաղ 1917-1920):

Արցախի թեմը, հատկապես Վահան Եպիսկոպոսը, մեծ ջանքեր էր գործադրել հայերի կոտորածները կանխելու և նրանց անվտանգությունն ապահովելու համար։ Վահան եպիսկոպոսի գլխավորությամբ Առաջնորդարանը մասնակցել էր Ազգային խորհրդի համագումարներին և պատվիրակությունների կազմում մեկնել էր բանակցությունների ու հանդես եկել խաղաղության կոչերով։ Սակայն Ղարաբաղի թեմի ջանքերը հաջողություն չունեցան։ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիրը խաղաղ ճանապարով կարգավորելու մտադրություն ի սկզբանե չէր ունեցել։ Ադրբեջանա-թուրքական ուժերը մարտի 23-ին հարձակվում են Շուշիի հայկական քաղաքամասի վրա, հրդեհում այն և կոտորում տեղի բնակչությանը։ Կոտորածների արդյունքում մեծ կորուստ կրեցին նաև Շուշիի առաջնորդարանը և կրթական համալիրները:

Մարտի 23-26-ը տեղի ունեցած ջարդերի մասին բազում վկայությունների շարքում ուշագրավ է 1920 թ․ մայիսի 15-ին Շուշիի առաջնորդարանի անդամ քահանա Կարապետ Վարդապետյանցի և ատենադպիր Միրզա Տեր-Սարգսյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ 5-ին ուղված զեկույցը, որից տեղեկանում ենք, որ քաղաքի 12-13 հազար հայերից վեց հազարը փախել են գյուղերը, 4000 հոգին՝ մեծ մասը տղամարդիկ՝ սրի քաշվել, գնդակահարվել ու հրկիզվել և մոտ 3000 հոգի գերի մնացել թուրքերի ձեռքում, որոնց մի մասը՝ 400 երիտասարդներ սպանվել են տներում և բանտերում, 700 հոգի կին, երեխա և ծերեր ազատ էին արձակվել և հասել գյուղերը, իսկ մնացած գեղեցիկ կանայք և աղջիկներ տարվել էին թուրքերի տները, պահվել նահագապետ Սուլթանովի մոտ և բանտերում։ Մոտ 400 գեղեցկուհիներից կազմվել էր առանձին կանանոց, որտեղից «բաժին էին հանել սպաներին և զինվորներին»։

Թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոսի մասին նույն զեկույցում հաղորդվում է, որ նա սպանվել է առաջնորդարանում, չցանկանալով լքել այն և ցանկանալով մինչև վերջ մնալ ժողովրդի կողքին։ Առաջնորդարանը, թեմական դպրոցը, եկեղեցիները թալանվել էին և այրվել: Հնարավորություն չեր եղել կոնսիստորիայից և եկեղեցուց որևէ փաստաթուղթ, գործ ու գանձ ազատելու:

Նամակում նշվում է, որ Առաջնորդարանի կազմից սպանվել են Խորեն քահանա Իսկանդարյանը, կարգապահ Անանիա Տեր-Դանիելյանը և դիվանապահ Հովհաննես Ղալաբեկյանը: Քահանաներից սպանվել է Հարություն քահանա Վարդապետյանը, իսկ Գարեգին քահանա Հովհաննիսյանն ազատվել է բանտից կիսամեռ դրության մեջ և միանգամայն մերկ: Սպանվել են նաև Թեմական դպրոցի տեսուչ Ալեքսանդր Ծատուրյանը, ուսուցիչ Գաբրիել Ղուլիքևխայանը, հոգաբարձու Անդրեաս բեկ Տեր-Հարությունյանը, Ղուկասյան ուսումնարանի տեսուչ բժիշկ Նիկողայոս Յարամիշյանը և այլն (ՀՀ Ազգային արխիվի ֆոնդից):

Ջարդարարները ներխուժել էին Առաջնորդարան, գլխատել Ղարաբաղի թեմի առաջնորդին, այնուհետև գլուխը հանել ցցի և շրջել քաղաքի թուքական թաղամասում՝ ի ցույց բոլորին՝ այդ քայլով ցանկանալով բորբոքել և «ոգևորել» նրանց (Зарэ Мелик-Шахназаров, Записки карабахского солдата):

Մուսավաթական Ադրբեջանի ձեռքով կործանվեց Շուշի քաղաքի մեծ մասը: Ավերվեցին, մոխրակույտերի վերածվեցին մոտ չորս հազար բարեկարգ, երկհարկանի տուն, տասնյակ մշակութային, վարչական շենքեր, այրվեցին ու թալանի ենթարկվեցին առաջնորդարանը և մյուս եկեղեցիները, հարուստ գրադարանները, տպարանները, ուսումնական հաստատությունները, ինչպես նաև հարյուրավոր խանութներ ու պահեստներ (Շ․ Մկրտչյան, Շուշիի պատմական հուշարձանները):

Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ուղեգիծը սկզբնավորվել էր պետության ստեղծման առաջին իսկ օրերից՝ Բաքվում, երբ թուրք-թաթարական զորքերի կողմից կոտորվեց շուրջ 23 հազար հայ բնակիչ։ Այստեղ մեկնարկած ծրագիրը, շարունակվելով երկրի սահմաններից դուրս, կործանարար եղավ նաև Շուշիի հայ բնակչության և նրա ստեղծած արժեքների համար։

Խորհրդային կարգերի հաստատումից հետո հայերի ֆիզիկական ոչնչացման թուրք-թաթարական ծրագիրը ժամանակավորապես դադարեցվեց, սակայն այն շարունակվեց դրսևորվել հայերի մշակութային ժառանգության հետքերի վերացման տեսքով:

Այսպես, 1960-1970-ականներին Արցախում «հողօգտագործման նպատակներով» ավերվել և հողին են հավասարեցվել 13 պատմահնագիտական հուշարձաններ: Շուշիում Ադրբեջանի ղեկավարության թողտվությամբ հիմնահատակ ոչնչացվեցին Մեղրեցոց, Ագուլեցոց, Կուսանաց վանք եկեղեցիները, ավելի ուշ նաև Ռուս-հունական եկեղեցին։ Պայթեցվել են Մեծ Թաղլարի Ծծախաչ և Ազոխի քարանձավները, Ամարասի և Կաղանկատույքի բնակավայրերի տարածքները: Մի քանի կամուրջներ, մատուռներ և բազմաթիվ խաչքարեր ոչնչացվել են Սարսանգի ջրամբարի կառուցման ժամանակ: Հայկական վանքերի ու եկեղեցիների սրբատաշ քարերն օգտագործվել են գյուղերում տների և նույնիսկ գոմերի պատերի կառուցման համար:

Հուշարձանների ավերումը մեծ չափերի է հասել նաև Արցախյան պատերազմի ժամանակ, երբ առիթը բաց չթողելով՝ եկեղեցիներն ու վանքերը դիտավորյալ պայթեցվել են, հրետակոծվել և ռմբակոծվել։

Հավատարիմ մնալով որդեգրած նպատակներին՝ Ադրբեջանի ղեկավարությունը Խորհրդային միույթան փլուզման տարիներին նոր թափով վերսկսեց հայերի կոտորածները։ Ջարդերն այս անգամ հայերի ջարդեր իրականցվեցին Սումգայիթում և Կիրովաբադում՝ 1988-ին, Բաքվում՝ 1990-ին, որոնց արդյունքում հայերը վերջնականապես լքեցին ներկայիս Ադրբեջանի Հանրապետության տարածքը՝ բնակություն հաստատելով Հայաստանում, Արցախում և աշխարհի տարբեր երկրներում։ 1992-ին ադրբեջանական զորքերը կոտորեցին նաև Արցախի Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղի շուրջ հինգ տասնյակ բնակչի։ Մարաղան այժմ բռնազավթված է:

Մշակութային ցեղասպանության քաղաքականությունը նորանկախ Ադրբեջանը նույնպես շարունակեց, որի դրսևորման վառ օրինակն է Նախիջևանի տարածքում եկեղեցիների, խաչքարերի և հատկապես Ջուղայում հայկական հազարավոր խաչքարերի ոչնչացումը։

Հայրիկ Սուքիասյան

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում