Տնտեսություն

Առևտրի ոլորտում արձանագրվել է աճ

2 րոպեի ընթերցում

Առևտրի ոլորտում արձանագրվել է աճ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում առևտրի ոլորտում վեջին օրերին աճ է գրանցվել. մասնավորապես՝ մարտի 14-16-ին նկատվել է 40-45 տոկոսի աճ, սակայն նվազել է ՀԴՄ կտրոնների քանակը` հիմնականում պայմանավորված հանրային սննդի ոլորտի կազմակերպությունների պասիվ վիճակով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Ապրանքաշրջանառության ծավալներն, ընդհանուր առմամբ, ընկել են, ՀԴՄ կտրոնների քանակը նվազել է: Բայց հիմնականում դա պայմանավորված է հանրային սննդի ոլորտի պասիվ վիճակով: Հանրային սննդի կազմակերպությունների և սրահների գրեթե ճնշող մեծամասնությունն այսօր չի գործում: Առևտրի ոլորտում դրական առումով կա որոշակի տեղաշարժ: Կա առևտրի 40-45 տոկոսանոց աճ` վերջին շաբաթ-կիրակի և երկուշաբթի օրերին»,-ասաց Անանյանը:

Նա նշեց` վերջին շրջանում տպված ՀԴՄ կտրոնների քանակի անկումներ, վերելքներ եղել են, սակայն էական փոփոխություններ այս պահին դեռ չի արձանագրվել:

ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը 122 է, որից մեկն արձանագրվել է ինֆեկցիոն հիվանդանոցում աշխատող բուժքրոջ մոտ: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում