Տնտեսություն

Հարավկովկասյան երկաթուղում լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի կանխարգելման համար

2 րոպեի ընթերցում

Հարավկովկասյան երկաթուղում լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվում կորոնավիրուսի կանխարգելման համար

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը մարտի 16-ին կայացած խորհրդակցության ընթացքում հանձնարարել է կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելմանն ուղղված լրացուցիչ միջոցներ ձեռնարկել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։

Մասնավորապես, կանխարգելիչ միջոցառումները վերաբերելու են կայարանների և ներհանրապետական էլեկտրագնացքների ախտահանման ինտենսիվությանը, ուղևորների հետ շփվող անձնակազմի (տոմսավաճառներ, հսկիչներ, կայարանների հերթապահներ, լոկոմոտիվային բրիգադներ և այլն) անհրաժեշտ դիմակներով և պարագաներով ապահովմանը: Գլխավոր տնօրենի հանձնարարությամբ մարտի 17-ից ՀԿԵ վարչական շենք, դեպոներ, գծային տնտեսություններ մուտք գործելիս դիստանցիոն ստուգվելու է բոլոր աշխատողների ջերմությունը: Բարձր ջերմություն ունեցողներն ուղղվելու են բժշկական հետազոտության:

«Անհրաժեշտ է բոլոր միջոցները ձեռնարկել ընկերության աշխատողների անվտանգությունն ապահովելու համար: Սանիտարահիգիենիկ խիստ հսկողությունն ու կարգապահությունը մեզ թույլ կտան ապահովել անխափան տրանսպորտային հաղորդակցություն պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող երկաթուղային փոխադրումների ոլորտում,- խորհրդակցության ժամանակ նշել է Մելնիկովը:

Նա նաև հանձնարարել է բացառել բոլոր մասսայական միջոցառումների անցկացումը և գործուղումները երկաթուղում՝ շեշտը դնելով կապի միջոցների ավելի լայն օգտագործմանը: Բացի այդ, ղեկավար կազմին հանձնարարված է մշակել զարգացման հնարավոր ծրագրեր՝ հաշվի առնելով բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալների տատանման ռիսկերը:

Մարտի 14-ից ՀԿԵ-ն կասեցրել է միջազգային ուղևորափոխադրումները՝ մինչև մարտի 24-ը չեղարկելով Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի ուղերթները: Այժմ Ընկերությունը բոլոր ուղևորներին վերադարձնում է տոմսերի դիմաց վճարված գումարները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում