Վերլուծություն

Քարոզարշավի մեկնարկը Սյունիքից փորձ է այդ մարզում ավելի ամրապնդելու իշխանությունների դիրքերը

5 րոպեի ընթերցում

Քարոզարշավի մեկնարկը Սյունիքից փորձ է այդ մարզում ավելի ամրապնդելու իշխանությունների դիրքերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ ակտիվ քարոզարշավն օրերս մեկնարկեց Սյունիքի մարզից։ Վարչապետն այս անգամ որոշեց իր հանդիպումների շարքը սկսել հարավից։ Նկատենք, որ ավանդաբար Սյունիքում ավելի ամուր են եղել նախկին իշխանությունների դիրքերը։ Սովորաբար ընտրությունների ժամանակ Սյունիքի մարզը մեծ թվով քվեներ է ապահովել հօգուտ նախկինների։ Գուցե հենց այս հանգամանքը նկատի ունենալով է, որ Փաշինյանը որոշել է իր ասելիքն ու քարոզարշավը սկսել հենց այստեղից՝ մեկնարկային ազդեցությունն ու պոզիտիվ էներգիան այս մարզում ավելի արդյունավետ ծախսելու եւ իր դիրքերն ավելի ամրապնդելու նպատակով։

Մեկնարկային հաջորդ հետաքրքիր դրվագը Քաջարանում վարչապետի ելույթն էր՝ կապված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գործունեության ու Հայաստանում հանքարդյունաբերության հետագա զարգացման հետ. «Ես ուզում եմ պատմել Ձեզ ԶՊՄԿ-ի գերմանացի սեփականատեր ընտանիքի հետ իմ հանդիպման մասին։ Ես այդ մարդկանց ընդունել եմ եւ ասել եմ հետեւյալը. «Ես ձեր առաջ դնում եմ հետեւյալ պայմանները։ Առաջին՝ Հայաստանի Հանրապետությունում հանքարդյունաբերությունը եւ, մասնավորապես, պղնձամոլիբդենային կոմբինատը պետք է աշխատեն այն ստանդարտներով, ինչ ստանդարտներով կաշխատեին Գերմանիայում»։ Երկրորդ՝ ասել եմ՝ ես հասկանում եմ, որ եթե ձեզ ասեմ գնացեք ու մեկ ամսվա կամ վեց ամսվա կամ նույնիսկ մեկ տարվա ընթացքում այդ գործարանը բերեք ամբողջությամբ գերմանական ստանդարտի, դա նշանակում է անուղղակիորեն ասում եմ ձեզ, որ փակում ենք այդ գործարանը։ Ես այդպիսի բան չեմ ասում, բայց ակնկալում եմ, որ կմշակեք կոնկրետ ռազմավարություն եւ կներկայացնեք, թե առաջիկա հինգ տարում ինչ է փոխվելու, հետագա հինգ տարում ինչ է փոխվելու, եւ միջազգային ստանդարտին մենք ինչ ժամանակահատվածում ենք հասնելու»։

Սա մի կողմից բացատրություն էր հանրությանը կառավարության դիրքորոշման վերաբերյալ՝ կապված ԶՊՄԿ-ի գործունեության հետ, մյուս կողմից էլ, կարծում եմ, առավելապես ակնարկ էր հանքարդյունաբերությամբ զբաղվող մյուս սուբյեկտներին առ այն, որ կառավարությունը հետամուտ է լինելու հանքարդյունաբերման վայրերի ու գործարանների՝ միջազգային ստանդարտներին համապատասխանեցման հարցում։ Մեծ հաշվով սա Հայաստանի համար ցավոտ թեմա է, քանի որ ժամանակին մեծ թվով հանքեր են սկսել շահագործվել, որոնց նկատմամբ վերահսկողությունը թույլ է եղել, եւ շատ չափորոշիչներով դրանք չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին։ Այժմ այդ հանքերը զգալի ֆինանսական մուտքեր են կատարում պետբյուջե եւ մեծ թվով աշխատատեղեր են ապահովում։ Արդյունքում կառավարությունը հայտնվել է երկու քարի արանքում։ Մի կողմից չի կարող դադարեցնել դրանց գործունեությունը, մյուս կողմից՝ դրանք էական վնաս են հասցնում շրջակա միջավայրին։ Եվ գլոբալ առումով վարչապետի մեսիջն այն է, որ տրվելու է ժամանակ, որպեսզի այդ տնտեսավարողները որոշակի բարեփոխումներ անցկացնեն իրենց գործունեության մեջ։ Դա եւս կարելի է իր տեսակի մեջ բարեփոխումների մի օղակը համարել։

Հետաքրքրական էր նաեւ վարչապետի կանգառը Տեղ գյուղում, որն, ըստ էության, ոչ մեծ բնակավայր է, ունի շուրջ 2500 բնակիչ։ Բայց կարեւորելով այն, վարչապետը կանգ է առել եւ մի հանդիպում էլ անցկացրել է այս համայնքում։ Տեղի կարեւորությունը հնարավոր է՝ պայմանավորված է այդ համայնքի՝ Սերժ Սարգսյանի ծննդավայրը լինելու հանգամանքով։ Եվ այստեղ հանդիպում ունենալով՝ Նիկոլ Փաշինյանը փորձել է ընդգծել այս համայնքի բնակչության լայն աջակցությունն իրեն։ Եթե հաշվի ենք առնում նաեւ Տեղ համայնքի աշխարհագրական տեղակայությունը Հայաստանի եւ Արցախի սահմանին, պատահական չի կարելի համարել նաեւ վարչապետի բարձրաձայնած հաջորդ թեման՝ հայաստանցի-ղարաբաղցի բաժանարարները վերացնելու մասին։ Այնուհետեւ վարչապետն անդրադարձել է ներքին համերաշխության ու քաղաքական բանավեճի կուլտուրային՝ ընդգծելով, որ ցանկացած պարագայում, ցանկացած քաղաքական թեժ գործընթացից հետո, պետք է ունենալ ժպտալու եւ միմյանց հանդեպ կոռեկտ վերաբերմունք ցուցաբերելու ունակություն։

Եվ միանգամայն հնարավոր է, որ թե՛ հայաստանցի-ղարաբաղցի բաժանումը վերացնելու, թե՛ անկախ քաղաքական հայացքներից մեկ միասնական ազգ լինելու ու բանավեճը թշնամանքի չվերածելու մեսիջները վարչապետը միտումնավոր բարձրաձայնեց հենց Տեղ համայնքում։

Դավիթ Պետրոսյան

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում