Նոր իշխանությունների կատարած ամենակարեւոր փոփոխությունըքաղաքական նոր մշակույթի ձեւավորումն է
4 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ այն բանից, թե թավշյա հեղափոխությունը Հայաստանում վերջին հաշվով ինչ արդյունքներ կունենա եւ ինչ փոփոխություններ կբերի, արդեն իսկ որոշ տեղաշարժեր առկա են ու տեսանելի։ Բայց ամենակարեւորը ոչ այնքան իրականացվող բարեփոխումներն ու կոռուպցիայի դեմ պայքարն է, որքան քաղաքական նոր մշակույթի ներմուծումը Հայաստան։ Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների ու հատկապես երկրի առաջին դեմքի՝ վարչապետի, հանրության հետ ակտիվ ու պարզ շփումների մասին է։ Սա մի բան է, որը նախկինում բացակայել է։ Բացակայել է Հայաստանի նորագույն պատմության ողջ ընթացքում։
Հայաստանը մեծ ռեսուրսների տիրապետող պետություն չէ, եւ մանեւրելու հնարավորություններն էլ շատ չեն՝ այդ թվում, ներքին քաղաքականության մեջ։ Մի շարք ծրագրեր, որոնց սկիզբը դրվել է նախկին իշխանությունների շրջանում, այժմ էլ շարունակվում են։ Այլ հարց է, թե ինչպես են շարունակվում կամ ինչ որակով, ինչ մեխանիզմներով, կամ որ համակարգային կոռուպցիա, որպես այդպիսին, գոյություն չունի, ինչը չի կարող չազդել նաեւ այդ ծրագրերի իրականացման որակի վրա։ Եվ եթե բազմաթիվ ծրագրեր շարունակվում են, մի շարք դժվար հաղթահարելի խնդիրներ շարունակում են դեռեւս գոյություն ունենալ, ապա ինչո՞ւ հանրության շրջանում չկան այն դժգոհությունն ու ատելությունը, ինչպիսին կար նախորդ իշխանությունների նկատմամբ։
Բանը հենց կառավարման մշակույթի ու քաղաքական մշակույթի մեջ է։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բաց է ու անկեղծ քաղաքացիների հետ։ Իր քայլերի մասին տեղեկացնում է անձամբ, ուղիղ եթերների միջոցով կամ դուրս է գալիս քաղաքի փողոցներ ու իր ունեցած տեսակետներն է փորձում ներկայացնել քաղաքացիներին։ Ինչպես օրերս մենք դա տեսանք մետրոյում։ Հանդուրժողաբար է մոտենում իր տեսակետները չկիսող ու նույնիսկ ամբարտավան վարք ցուցաբերող քաղաքացիներին (դրան եւս ականատես եղանք մետրոյում)։ Մեխը հենց այստեղ է՝ նա իրեն պահում է խիստ հասանելի, ու իր ասելիքը մարդիկ շատ ավելի հեշտությամբ են ընկալում, քան պաշտոնական ճառերը, որոնք միշտ եղել են մինչ այժմ։
Ու երբ այդ ամենին էլ ավելանում են կոռուպցիոն բազմաթիվ բացահայտումներ ու տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումները, արդյունքը լինում է այն, որ ներկայիս իշխանությունների վարկանիշը շարունակում է բարձր մնալ։ Իշխանությունն իր ներմուծած նոր քաղաքական մշակույթով թելադրում է խաղի նոր պայմաններ։ Ընդդիմությունը հաջողության հասնելու համար պետք է խաղա արդեն այս նոր պայմաններով, հակառակ դեպքում չի վայելելու ավելի մեծ վստահություն, քան ունի իշխանությունը։ Այսինքն, պայմանական ասած՝ անմիջականության ու անկեղծության մշակույթը ժամանակի ընթացքում անընդհատ գործող յուրահատուկ ֆիլտրի դեր է ստանձնելու քաղաքական ուժերի համար։ Այդ մշակույթի պայմաններում հաղթելու համար քաղաքական ուժերից ու քաղաքական գործիչներից պահանջվելու է լինել առավել անմիջական ու առավել անկեղծ։ Ըստ իս, սա է նոր իշխանությունների կատարած ամենակարեւոր փոփոխությունը։
ԴավիթՊետրոսյան
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ