Թել Ավիվում դեսպանատան բացումը կարող է ավելի արդյունավետ դարձնել մերձավորարևելյան քաղաքականությունը
9 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2019թ. սեպտեմբերի 19-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում ընդունեց Իսրայելի Պետությունում՝ Թել Ավիվում, ՀՀ դեսպանություն ստեղծելու մասին: Որոշման քաղաքական հիմնավորման մեջ նշվել է. «Իսրայելում ՀՀ դեսպանություն ստեղծելը, և այդպիսով երկկողմ հարաբերություններին նոր զարկ տալն ուղղված է տարածաշրջանում Հայաստանի շահերն առավել արդյունավետ պաշտպանելուն: Դեսպանություն հիմնելը միտված է նաև պետական մակարդակով ներգրավվելու բազմադարյա հայկական ներկայության, հարուստ պատմամշակութային ժառանգության, Հայ Առաքելական եկեղեցու՝ Սուրբ վայրերի իրավատեր լինելու պահպանմանը»:
Չնայած Հայաստանի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել էին դեռևս 1992թ. ապրիլին, այնուամենայնիվ այդ երկրում ՀՀ դեսպանի պարտականությունները համատեղել են նախ Ֆրանսիայում, ապա Եգիպտոսում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարները, իսկ 2018թ. դեսպան էր նշանակվել Արմեն Սմբատյանը՝ նստավայրը Երևան: Ս.թ. փետրվարի 25-ին նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված ՀՀ նախագահի 2018թ. մարտի 31-ի ՆՀ-200-Ա հրամանագրում փոփոխություններ կատարելու մասին հրամանագրի համաձայն՝ այսուհետ Իսրայելում Հայաստանի դեսպաններն իրենց դիվանագիտական գործունեությունը ծավալելու են Թել Ավիվում: Հրեական պետության դեպքում երկկողմ հարաբերությունների հաստատումից ի վեր՝ 1992-2007թթ. Հայաստանում Իսրայելի դեսպանի դիվանագիտական պարտականությունները համատեղությամբ իրականացվել են Վրաստանից, իսկ 2007թ.-ից ՀՀ-ում Իսրայելի դեսպանի նստավայրը գտնվել է Երուսաղեմում: Ի դեպ, պատասխանատվության սկզբունքով Երևանում Իսրայելի դեսպանություն բացելու վերաբերյալ պայմանավորվածություն կողմերի միջև չկա:
Առանձնահատուկ կարևորման է արժանի այն իրողությունը, որ Իսրայելի հետ հարաբերություններում շատ ավելի լայն նախաձեռնողականություն է ցուցաբերել հայկական կողմը, ինչը կարելի պայմանավորել, բնականաբար, առաջին հերթին Երևանի առավել մեծ շահերով Իսրայելում, քան հակառակը։ Այս մոտեցումը պետք է կիրառելի լինի բազմաթիվ այլ ուղղություններում ևս:
Հարկ է նշել, որ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ողջունել է այդ երկրում 90-րդ արտասահմանյան՝ ՀՀ դեսպանատունը բացելու որոշումը: Այն էականորեն նպաստում է Իսրայելի իշխանությունների կողմից վարվող միջազգային մեկուսացումը թոթափելու, նոր հարաբերություններ հաստատելու, եղածներն ավելի խորացնելու քաղաքական ուղեգծին: Եվ որքան էլ հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ամբողջական Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ-ի դեսպանությունն այնտեղ տեղափոխելու որոշումներից հետո իսրայելական կողմը ձգտում է հասնել նոր օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների բացմանն անմիջապես Սուրբ քաղաքում, այդուհանդերձ, հենց Թել Ավիվում ՀՀ դեսպանությունը բացելու որոշումը կարևոր է՝ հաշվի առնելով Երուսաղեմի հիմնախնդրի կարևորությունը և դրա նկատմամբ ամբողջ արաբական և մուսուլմանական աշխարհի առանձնահատուկ վերաբերմունքը: Խնդրի՝ դեռևս միջազգային իրավական նորմերին համապատասխան կարգավորված չլինելու պարագայում Հայաստանի համար միանշանակորեն խնդրահարույց կլիներ դեսպանատունը Երուսաղեմում բացելու որոշումը:
Ընդհանուր առմամբ, Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու հարցի շուրջ ակտիվ քննարկումները սկսվել էին դեռևս 2017թ.-ից, որը տեղավորվում էր Հայաստանի մերձավորարևելյան քաղաքականության ուղեգծի ակտիվացման տրամաբանության մեջ: Դրա բովանդակային բաղադրիչներից են Իսրայելի և մի շարք արաբական ու մուսուլմանական երկրների հետ հարաբերությունների առավել զարգացումը, դրանց բացակայության դեպքում՝ հաստատումը։ Նման օրակարգային հրամայականը պայմանավորված է ինչպես մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված որակապես նոր իրավիճակով, այնպես էլ Հայաստանի շահերով ու ծառացած նոր մարտահրավերներով: Իսկ Իսրայելը, նրա շահերն ու անվտանգության ապահովումն առանցքային գործոններ են տարածաշրջանի միաժամանակ մի քանի երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Լիբանանում, Իրանում ներկայում ծավալվող զարգացումներում, որոնց տարբեր ձևաչափերով ներգրավված են նաև աշխարհաքաղաքական հիմնական դերակատարները: Բացի այդ, Հայաստանի և թվարկված տարածաշրջանային երկրների հետ ոչ միայն հաստատված են կարևոր բարեկամական հարաբերություններ, այլև դրանցում առկա են հայահոծ համայնքներ, պատմամշակութային ժառանգություն, ինչի պահպանումը համահայկական նշանակության խնդիր է:
Վերոնշյալից բացի, քաղաքական-ռազմավարական համատեքստում, ըստ էության, Հայաստանի համար կապահովվեն առավել առարկայական հնարավորություններ՝ Իսրայելում ազգային շահերի իրացման, այն է՝ համայնքի, նրան պատկանող հոգևոր, մշակութային հարստության, համայնքային կառույցների պահպանման, անհրաժեշտության դեպքում՝ նաև անվտանգության ապահովման համար:
Իսրայելի հետ հարաբերություններում օրակարգային մեկ այլ կարևոր խնդիր է Երևանի կողմից Ադրբեջան-Իսրայել համագործակցության ընթացքին տեղում հետևելու, խնդրահարույց զարգացումների դեպքում դրանք կանխելու հնարավորությունը: Բացի դրանից՝ շատ ավելի առարկայական հնարավորություններ կստեղծվեն նաև հրեական լոբբիի հետ տարբեր ոլորտներում համագործակցության մեխանիզմներ հաստատելու համար։
Երկկողմ հարաբերությունների համատեքստում ՀՀ դեսպանության առկայությունը Թել Ավիվում, հեռանկարում՝ նաև Իսրայելի դեսպանության ստեղծումը Երևանում, ուղղակիորեն շատ ավելի լայն հնարավորություններ և ընդարձակ օրակարգ կհաղորդեն տարբեր ոլորտներում հաստատված համագործակցությանը, կնպաստեն նոր ուղղություններով հարաբերությունների զարգացմանը, նոր պայմանավորվածությունների ձեռքբերմանը և կայացված որոշումների՝ առավել արագ իրագործմանը: Քաղաքական, ռազմավարական ոլորտներից բացի, ներկայում առկա և առավել հեռանկարային տնտեսական ուղղություններն են բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, առողջապահության, կրթության, ինչու ոչ, նաև անվտանգության բնագավառները։
Անշուշտ, կանխատեսելի է նաև, որ Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացելու, այդ երկրի հետ հարաբերություններն ավելի խորացնելու Երևանի որոշումները, հատկապես պայմանավորված արաբ-իսրայելական, Իրան-Իսրայել հիմնախնդիրներով և ներկայում դրանց լարվածությամբ, կարող են դրականորեն չընդունվել որոշ արաբական և մուսուլմանական երկրների, որպես օրինակ՝ Իրանի կողմից։ Այսուհանդերձ, պետք է նշել, որ Հայաստանն անկախ և ինքնիշխան պետություն է և անկախ է նաև արտաքին քաղաքականություն վարելու, որևէ երկրի հետ հարաբերությունների զարգացման ձևի և բովանդակության ընտրության հարցերում, ինչը ՀՀ-ի, որպես միջազգային հարաբերությունների լիիրավ, ինքնուրույն սուբյեկտի իրավունքն է և պետք է հարգվի ցանկացած դաշնակից բարեկամ կամ ոչ բարեկամ երկրի կողմից։ Բացի այդ, Երևանը մշտապես ունեցել է սկզբունքային, հավասարակշռված և արտաքին հարաբերություններում մեկը մյուսին չստորադասող քաղաքական ուղեգիծ նաև վստահելի գործընկերոջ ընկալում, ինչն ապացուցվել է պատմականորեն: Եվ բոլոր ուղղություններում առկա են բավականաչափ կայացած ու գործուն մեխանիզմներ՝ անհրաժեշտության դեպքում հիմնավորելու, մեկնաբանելու Հայաստանի ցանկացած որոշման անհրաժեշտությունը: Ավելին, Հայաստանի համար հեռանկարում լայն դիվանագիտական դաշտ ու նոր հնարավորություններ են ստեղծվում որոշակի միջնորդական քաղաքականություն իրականացնելու Իսրայելի և մի շարք արաբական, մուսուլմանական երկրների միջև եղած խնդրահարույց հարաբերություններում։
Բայցևայնպես նշված բոլոր՝ երկկողմ և ոչ միայն, ուղղություններում թվարկված հնարավորություններն իրացնելու համար միայն Իսրայելում դեսպանատան բացումը բավարար նախադրյալ չէ։ Անհրաժեշտ է պրոֆեսիոնալ, հայրենասեր, աշխատասեր դիվանագետների թիմ, որի մասնագիտական քրտնաջան, նպատակաուղղված և սկզբունքային աշխատանքի արդյունքում միայն հնարավոր կլինի լուծել նաև այս ուղղությամբ պետության առաջ քաշած բազմաշերտ խնդիրները:
Արմեն Պետրոսյան