Բացառիկ հայկական ձեռագիրը հիմնովին նորոգված ներկայացվեց Մատենադարանում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:981 թվականին ստեղծված արժեքավոր ձեռագիրը, որում զետեղվել են հատվածեր Անանիա Շիրակացու, Մովսես Խորենացու, Արիստոտելի և այլ ականավոր մտածողների աշխատություններից, հիմնովին վերականգնված ցուցադրվում է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մարտի վեցին: Այն բաց կլինի շուրջ մեկ ամիս:

«Մատենադարանի պատմության մեջ առաջին անգամ է, որ ցուցահանդեսում ներկայացվում է մեկ ձեռագիր: Այն համարվում է աշխարհում հնագույն թղթե ձեռագրերից մեկը: Հայտնի է, որ թուղթը ստեղծել են չինացիները, հետո այն անցել է արաբներին, հույներին: Կարող ենք ասել, որ թղթի վրա գրված ձեռագրեր ունեցող չորրորդ ազգը հայերն են: Այս ձեռագիրը բացառիկ է նաև հնագրությամբ և նյութերով: Զետեղված են պատմական, գիտական նյութեր, որոնց հեղինակներն են Արիստոտելը, Աթենաս Ալեքսանդրացին, Մովսես Խորենացին, Անանիա Շիրակացին, Գրիգոր Լուսավորիչը, Եղիշեն և այլք»,-նշեց Մատենադարանի փոխտնօրեն Կարեն Մաթևոսյանը:

Նրա խոսքով` 10-րդ դարում հայ և քաղկեդոնական եկեղեցիների միջև դավանաբանական վեճեր կային: Դավիթ քահանան կազմել է ժողովածուն որպես օգնություն հայ հոգևորականներին:

Ձեռագիրը նորոգվել է շուրջ երկու տարի: Նորոգումից հետո այն ցուցադրվում է մասնատված վիճակում, հետագայում ձեռագիրն ամբողջացվելու է և դառնալու է գիրք:

Ձեռագրի ավագ վերականգնող, նկարիչ Արթուր Պետրոսյանն ասաց, որ վերականգնման հետ կապված հիմնական բարդությունն այն էր, որ թուղթը թանաքակեր է: «Կային գրի վնասված եզրեր, և մեր առաջնային խնդիրը թանաքակերության հետագա զարգացումը կասեցնել էր: Տիտանական աշխատանք է կատարվել ամեն մի թերթի, տողի վրա: Կարծում եմ` կարողացել ենք մեր առաջ դրված խնդիրը լուծել»,-շեշտեց նա:

Պետրոսյանը տեղեկացրեց` իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռագիրը նախկինում չորս անգամ կարվել է, բայց հիմնովին և գրագետ վերականգնումը միայն նոր է արվել:

Հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի բազմահազար արժեքավոր հուշարձանների մեջ իր բացառիկ կարևորությամբ և նշանակությամբ առանձնանում է Մաշտոցի անվան մատենադարանի՝ 981 թվականին ստեղծված № 2679 ձեռագիրը: Դրա գրանյութը թուղթն է, որ այն ժամանակ կոչվում էր «աղքատ քարտէս», այսինքն՝ մագաղաթի համեմատ համարվում էր պակաս արժեք ունեցող, բայց այսօր հայերեն ամենահին թղթյա ձեռագիրն է, և հնագույններից մեկն աշխարհում: Նրա գիրը բոլորգիրն է, որ այն ժամանակ կոչվում էր «անհեթեթ գիրք», այսինքն՝ Սուրբ Գրքերի երկաթագրի համեմատ ավելի առօրեական գրատեսակ, իսկ այսօր հայերեն բոլորգրված առաջին ձեռագիրն է, գրատեսակ, որ դարձավ գրչության հիմնական գիր, հետագայում՝ տպագրության գիր: Մատյանը նաև մեզ հասած առաջին աշխարհիկ բովանդակությամբ ձեռագիր ժողովածուն է։ Մեկ կազմի մեջ առնված այս ձեռագրում միացած են երկու ինքնուրույն ժողովածուներ կամ մատենագրական երկեր, որոնց կազմողը Դավիթ քահանան է, իսկ գրիչը՝ նրա որդի Ղուկասը։

Հայերեն Русский

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից

Պուտինը հանձնարարել է երեք օր հարվածներ չհասցնել Կիևին․ Ուկրաինան ևս դադարեցրել է օդային հարվածները

Ինչ է մնում, երբ հիշողությունները սկսում են խամրել․ երևանյան բեմ կբարձրանա «Քանի չեմ մոռացել» պարային ներկայացումը

ԿԽՄԿ-ի սոցիալ-տնտեսական ծրագրերը նպաստում են սահմանամերձ Շիկահողի զարգացմանն ու գյուղի պահպանմանը

Ուիթքոֆն ու Քուշները ժամանել են Ռուսաստան՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու առաջարկով

«Աբովյան» ՔԿՀ-ում քննարկվել են օտարերկրացիների և ապաստան հայցողների իրավունքների ապահովման հարցերը

Իրանական նավթատարը Խարգ կղզու մոտ խոցվել է ԱՄՆ-ի արձակած չորս հրթիռով