Տնտեսություն

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի իրական սեփականատերերի բացահայտման օրինագիծը հանձնաժողովում հավանության արժանացավ

3 րոպեի ընթերցում

ՀԷԿ-երի, ՋԷԿ-երի իրական սեփականատերերի բացահայտման օրինագիծը հանձնաժողովում հավանության արժանացավ

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագծին, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի հեղինակած «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը հանձնաժողովի նիստում ներկայացրեց Արտակ Մանուկյանը։

Նախագծով առաջարկվում է էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնողների ( որի մեջ մտնում են ՀԷԿ-երը, ՋԷԿ-երը) բաժնետերերի մասով տեղեկատվությունը դարձնել թափանցիկ: Մանուկյանը շեշտեց, որ առաջարկը նույն տրամաբանության շրջանակում է, որով ԱԺ-ն արդեն ընդունել էր ընդերք օգտագործող կազմակերպություններիիրական սեփականատերերի բացահայտմանվերաբերյալ օրինագիծը: Պատգամավորը նշեց՝ շեշտը դնում են հանրային ռեսուրսների նկատմամբ թափանցիկության, հաշվետվողականության վրա:

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կառավարության առաջարկությամբ նախագծում կատարվել են տեխնիկական փոփոխություններ:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը նշեց, որ նախարարությունը բովանդակային առումով կողմ է նախաձեռնությանը, սակայն դիրքորոշում է հայտնել, որ այս փուլում նպատակահարմար չէ ընդունել այդ նախագիծը՝ հաշվի առնելով Արդարադատության նախարարության գործընկերների կարծիքը: «Մենք այս ընթացքում քննարկումներ ենք ունեցել: Եվ բովանդակային առումով որևէ դիտողություն չունենք, եղել են տեխնիկական դիտողություններ, որոնք ամբողջությամբ ընդունվել են»,-ասաց Վարդանյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում