Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել
1 րոպեի ընթերցում
![Զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների այցելությունները. ՊՆ-ն հայտարարություն է տարածել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1006359.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տարածաշրջանում, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետությունում արձանագրված նոր կորոնավիրուսային հիվանդության դեպքերի հետ կապված, փետրվարի 25-ից ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում արգելված են զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները:
Հորդորում ենք բոլոր զինծառայողների հարազատներին զերծ մնալ զորամասեր այցերից, գիտակցաբար մոտենալ ձեռնարկվող միջոցառումներին, քանի որ դրանք բխում են հենց զինծառայողների շահերից»,- ասված է հայտարարության մեջ: