Տնտեսություն

Փորձագետը ՀՀ-ի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է համարում վերամշակող արդյունաբերության զարգացումը

2 րոպեի ընթերցում

Փորձագետը ՀՀ-ի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է համարում վերամշակող արդյունաբերության զարգացումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը 2019 թվականին Եվրասիական տնտեսական միության շրջանակում ունեցել է էական զարգացում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքական վերլուծաբան, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը նշեց, որ, ընդհանուր առմամբ, երկրի արտահանման ծավալն աճել է մոտ 10 տոկոսով: ԵԱՏՄ տարածքում, հատկապես դեպի Ռուսաստան, ապրանքների արտահանումն ավելացել է առաջանցիկ արագությամբ՝ մոտ 11 տոկոս:

«Մեր գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը: Ներդրումների ծավալում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 51.1 տոկոս: Ընդհանուր Հայաստան մտած տրասֆերտների ծավալում Ռուսաստանից եկածը կրկին գերակշռում է՝ 60 տոկոսից ավելին: Ռուսաստանն է շարունակում մնալ մեր արտագնա աշխատուժի գլխավոր երկիրը»,-ասաց նա:

Արամ Սաֆարյանի խոսքով, Ռուսաստանի դերը կարևորվում է նրանով, որ այն Հայաստանի պատրաստի արտադրանքի գլխավոր շուկան է: Ըստ նրա՝ Հայաստանի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է զարգացնել վերամշակող արդյունաբերությունը. «Պատրաստի արտադրանքի արտահանումն է մեզ հնարավորություն տալիս լրջորեն հոգալու մեր սոցիալական կարիքների բավարարումը»:

Փորձագետն առանձնացրեց զբոսաշրջության զարգացման ցուցանիշները՝ նշելով, որ մոտենում ենք զբոսաշրջիկների այցելության տարեկան 2 մլն ցուցանիշին: 2019 թվականին այդ ցուցանիշը կազմել է 1 մլն 890 հազար, որի զգալի հատվածը եկել է ՌԴ-ից:

«Զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տալիս ասելու, որ Հայաստանն, այս երեք հսկաների վրա հիմնվելով, կկարողանա զարգացնել իր տնտեսությունը 4-րդ սերնդի արդյունաբերական հեղափոխության պահանջներին համահունչ»,-հավելեց Արամ Սաֆարյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում