Սլովակիան Եվրոպայում ՀՀ-ի կարևորագույն գործընկերներից մեկն է. ԱԳՆ-ի հակիրճ տեղեկանքը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 24-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը: Այցելության նպատակը երկկողմ հարաբերությունները նոր որակական մակարդակի փոխադրելն է:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են գործընկերային բնույթ: Սլովակիան հանդիսանում է Եվրոպայում Հայաստանի կարևորագույն գործընկերներից մեկը, և Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու և խորացնելու Սլովակիայի հետ համագործակցությունը քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր այլ բնագավառներում, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Հայաստանի և Սլովակիայի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1993թ. հունվարի 14-ին: 2019թ. Սլովակիան որոշում է կայացրել ռեզիդենտ դեսպանություն հիմնելու Երևանում, որի բացումը տեղի կունենա նախարար Լայչակի այցի օրերին:

2019թ. դեկտեմբերին Սլովակիայում բացվել է ՀՀ պատվո հյուպատոսությունը:

Եվրամիության և ԵՄ անդամ պետությունների հետ հարաբերությունների նոր իրավական հենք հանդիսացող ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Սլովակիան վավերացրել է 2019թ. հունիսի 4-ին:

Սլովակիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում պահպանում է ԵՄ կողմից որդեգրած դիրքորոշումը՝ հակամարտության կարգավորումն իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում:

Հայաստանի և Սլովակիայի միջև արտաքին առևտրաշրջանառությունը 2019թ. կազմել է 8,873.3 հազար ԱՄՆ դոլար: ՀՀ-ից Սլովակիայի Հանրապետություն ապրանքների արտահանումը կազմել է 398,8 հազ. ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 8474,5 հազ. ԱՄՆ դոլար:

Զբոսաշրջության բնագավառում Սլովակիայից Հայաստան ընդհանուր այցելությունների թիվը 2019թ. կազմել է 1684:

Երկու երկրների խորհրդարաններում գործում են բարեկամության խմբեր, ՀՀ ԱԺ-ում բարեկամության խմբի ղեկավարն է Համազասպ Դանիելյանը՝ «Իմ քայլը» դաշինքից, իսկ Սլովակիայի խորհրդարանում՝ Դուշան Տիտտելը:

Երկու երկրների ինքնակառավարման մարմինների միջև համագործակցության շրջանակներում համագործակցություն է հաստատվել ՀՀ Արմավիրի մարզի և Սլովակիայի Հանրապետության Տռնավայի երկրամասի միջև:

Երևանն ու Բրատիսլավան ունեն եղբայրացման մասին համաձայնագիր։

Համագործակցությունը միջազգային հարթակներում

Սլովակիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև է ընդունել 2004թ. նոյեմբերի 30-ին հետևյալ բովանդակությամբ` «Սլովակիայի Հանրապետության Ազգային Խորհուրդը ճանաչում է 1915 թվականի Հայերի ցեղասպանությունը, որի ընթացքում զոհվել են Oսմանյան կայսրությունում ապրող հարյուր հազարավոր հայեր, և այդ իրողությունը համարում է մարդկության դեմ հանցագործություն»:

Սլովակիան համահեղինակել է ՀՀ կողմից 2013թ., 2015թ. և 2018թ. Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում առաջադրած և հեղինակած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձևին:

Բարձաստիճան փոխայցելություններ

2002թ. տեղի է ունեցել ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած պատվիրակությունը այցը Սլովակիա:

2018թ. տեղի է ունեցել ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի այցը Սլովակիա:

2011, 2013, 2015, 2016 թթ. տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցը Սլովակիա:

2016թ. տեղի է ունեցել Սլովակիայի Ազգային Խորհրդի նախագահ Անդրեյ Դանկոյի այցը Հայաստան:

2000, 2008, 2010, 2013, 2019թթ. տեղի է ունեցել Սլովակիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան:

2019թ. հունվարին Դավոսի տնտեսական համաժողովի շրջանակներում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Սլովակիայի վարչապետ Պետեր Պելլեգրինիի հանդիպումը:

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը և Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարար Միրոսլավ Լայչակը հանդիպել են 2018թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2018թ. դեկտեմբերին Միլանում ԵԱՀԿ նախարարական խորհրդի, 2019թ. փետրվարին Մյունխենի անվտանգության խորհրդի, 2019թ. սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի, 2019թ. դեկտեմբերին Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական խորհրդի շրջանակներում:

2018թ. նոյեմբերի 21-ին Երևանում կայացել է քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովակիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում