Տնտեսություն

Ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի ստորագրման ժամկետը երկարաձգվել է

4 րոպեի ընթերցում

Ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի ստորագրման ժամկետը երկարաձգվել է

ԵՐԵՎԱՆ, 10 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում գյուղատնտեսական ապահովագրության շրջանակում գարնանային ցրտահարության ռիսկի ապահովագրության պայմանագրի կնքման վերջնաժամկետը երկարաձգվել է, ֆերմերները մինչև փետրվարի 15-ի փոխարեն կարող են դիմել մինչև փետրվարի 21-ը:

«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Առաջին տարին է, որ այդ ծրագիրը գործարկում ենք: Շատ մեծ հույսեր ենք կապում դրա հետ, դա նոր մշակույթ է, որը պետք է արմատավորվի: Եվ կազմակերպական առումով շատ անելիքներ ունենք, պետք է ավելի լավ տեղեկացնենք մարդկանց այն հնարավորությունների մասին, որոնք առկա են: Գարնանային ցրտահարության ապահովագրական պայմանագրերը ստորագրելու համար վերջնաժամկետը մինչև փետրվարի 15-ն էր նախատեսված, սակայն այն մեկ շաբաթով երկարաձգվեց: Այժմ պայմանագրերի ստորագրումը կլինի մինչև փետրվարի 21-ը»,-ասաց նախարարը:

Նա նաև տեղեկացրեց, որ ծիրանի և խաղողի՝ ցրտահարությունից ապահովագրելու ռիսկը վերջին շաբաթներին երկու մարզում՝ Արարատում և Արմավիրում կիրառելի է դարձել նաև դեղձի համար: Երեք նոր մշակաբույսերի՝ խնձորի, դեղձի, հացահատիկի ապահովագրումը կարկտի և հրդեհի ռիսկից հասանելի է ՀՀ բոլոր մարզերում։

Նախարարը բոլոր ֆերմերներին, այգեգործներին կոչ արեց դիմել երեք ապահովագրական կազմակերպություններին, ստանալ պայմանագրերը և ապահովագրվել ցրտահարության ռիսկից:

Կարկտահարության ռիսկի ապահովագրման համար դեռ ժամանակ կա: Նախարարությունն առաջիկա շաբաթներին հանդես կգա պարզաբանումներով, որ ֆերմերային տնտեսություններն ավելի վստահությամբ գնան այդ համագործակցությանը: «Նրանք էլ են ուզում հասկանալ, թե ինչպես են գնահատվելու ռիսկերը, ինչպես է կատարվելու հատուցումը և այլն: Մասնագետները շարունակում են պարզաբանումներ տալ: Դրանք առաջիկայում կլինեն ավելի մեծ ծավալով ու մանրամասն»,-ասաց նախարարը:

Արդեն իսկ կնքվել են շուրջ 7 տասնյակ պայմանագրեր: Նախարարը նկատեց, որ առաջիկա օրերին կունենան ավելի մեծ քանակով պայմանագրեր, քանի որ մեծ ակտիվություն են նկատում: Կառավարությունը պատրաստ է աջակցել: Խաչատրյանը նշել է, որ ռիսկերն ապահովագրել բոլոր ցանկացողների ապահովագրավճարի ծախսի կեսը կառավարությունը կվերցնի իր վրա:

«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար նախապես նախատեսված էր 2 մշակաբույսի ապահովագրում՝ ծիրան և խաղող, ռիսկերն են` «կարկուտ և հրդեհ», «գարնանային ցրտահարություն»: Կարկուտի և հրդեհի ապահովագրությունն իրականացվում է 6 մարզերում (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր և Տավուշ), իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը` երկու մարզերում (Արարատ, Արմավիր):

Ապահովագրավճարի չափը պայմանավորված է ապահովագրվող տարածքի գտնվելու վայրից՝ ըստ թվով5ռիսկային գոտիների։ Ընտրվել է փոխհատուցման ծախսերի5մակարդակ՝ հիմնվելով1հեկտարի կտրվածքով հաշվարկած հնարավոր ամենացածր և ամենաբարձր արտադրական ծախսերի վրա՝ ըստ ապահովագրված մշակաբույսերի:Ծրագրով ապահովագրավճարի չափը կսուբսիդավորվի50-65տոկոս՝ կախված ապահովագրական պրոդուկտից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում