Ադրբեջանական ֆիասկոն ԵԽԽՎ-ում
6 րոպեի ընթերցում
![Ադրբեջանական ֆիասկոն ԵԽԽՎ-ում](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/02/1003391.jpg)
ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստրասբուրգում հունվարի 27-31-ը տեղի ունեցավ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որն ընթացավ շատ հագեցած օրակարգով, բուռն քննարկումներով, ինչպես նաև Ադրբեջանի համար ոչ այդքան հաճելի զարգացումներով:
Նախևառաջ նշենք, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությանը հաջողվեց մի շարք հաջողություններ գրանցել. ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ՝ Էդմոն Մարուքյանը, Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ՝ Սոս Ավետիսյանը, ALDE խմբակցության փոխնախագահ՝ Հովհաննես Իգիթյանը։ Նման կարևոր պաշտոններում հայ խորհրդարանականների ընտրությունը կարելի է մի կողմից պայմանավորել խորհրդարանական համագործակցության այս ձևաչափում հայկական կողմի իրականացրած ակտիվ աշխատանքով, մյուս կողմից՝ ՀՀ ժողովրդավարական իմիջի բարձրացմամբ: ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության «դիրքերի ամրապնդումը» հավելյալ հնարավորություններ կարող է ստեղծել ՀՀ շահերի առաջմղման, Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման, ինչպես նաև թուրք-ադրբեջանական լոբբիստական ջանքերի հակազդման տեսանկյունից:
Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության կողմից տարածվեց նաև գրավոր հայտարարություն՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի և քսենոֆոբիայի ու ռասիզմի դատապարտման վերաբերյալ։ Եվրոպական այդ կարևոր հարթակում նման հայտարարության տարածումն, անշուշտ, կարևոր է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության և այդ ցավալի պատմական իրողությունների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությանը, ապա ձմեռային նստաշրջանի օրակարգում, ի սկզբանե, ներառված էին Բաքվի համար մի շարք ցավոտ հարցեր, ինչից, բնականաբար, չէին կարող չօգտվել նաև հայ խորհրդարանականները:
Մասնավորապես, ԵԽԽՎ կողմից ընդունված «Եվրոպայում լրագրողների անվտանգության և մեդիայի սպառնալիքները» բանաձևում անդրադարձ էր կատարվում ԵԽ անդամ երկրներում մամուլի ազատության և լրագրողների անվտանգության հարցերին: Փաստաթղթում բացասական շեշտադրումներով հիշատակվում էր նաև հարևան Ադրբեջանը: Բանաձևի հեղինակներն արձանագրում են Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված խնդիրները, լրագրողների նկատմամբ գործադրվող ճնշումները՝ կոչ անելով «արմատապես փոխել փաստացի թշնամական միջավայրը, որը լրջորեն սահմանափակում է մամուլի ազատությունը»։
Ադրբեջանի համար մյուս, առավել ցավոտ հարցը «Ադրբեջանում քաղբանտարկյալների դեպքերի մասին» բանաձևն էր, որն ընդունվեց ձայների մեծամասնությամբ: Բանաձևի հիմքում ընկած էր իսլանդացի պատգամավոր, լրագրող Թորհիլդուր Սուննայի կողմից ներկայացված զեկույցը, որի համաձայն՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը խնդրահարույց է դեռևս այդ երկրի՝ ԵԽ-ին անդամակցության պահից ի վեր և, չնայած վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունների կողմից ձեռնարկած քայլերին, Ադրբեջանում այս խնդրի առնչությամբ դեռ շատ անելիք կա՝ խնդիրը լիովին կարգավորելու համար։
ԵԽԽՎ-ն, կասկածի տակ չդնելով Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության հարցը, Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում բանաձևում ամրագրված խախտումների ուղղությամբ արդար քննություն կազմակերպել և ազատ արձակել նրանց, ովքեր քաղբանտարկյալներ կճանաչվեն։ Հատկանշական է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները, չնայած բարձրացրած «հիստերիային», չկարողացան կասեցնել բանաձևի ընդունումը: Խնդիրն այն էր, որ եթե նախկինում Ադրբեջանի խավիարային դիվանագիտության շնորհիվ ադրբեջանական պատվիրակությունը առավել հեշտ էր «դիմակայել» նման զեկույցներին, ապա «Ադրբեջանական լվացքատուն» կոռուպցիոն սխեմայի բացահայտումից հետո Ադրբեջանի պատվիրակությունը համեմատաբար թուլացրել է իր ազդեցության լծակները (այս մասին է վկայում անգամ բանաձևի քվեարկության ժամանակ ձայների հարաբերակցությունը՝ 82 կողմ, 28 դեմ, 6 ձեռնպահ)։
Այսպիսով, ամփոփելով պետք է նշենք, որ Ադրբեջանում մամուլի ազատության սահմանափակումների, քաղբանտարկյալների խնդրի մասին բանաձևերի ընդունումը մի կողմից կարևոր է Ադրբեջանում գործող ավտորիտար համակարգի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացման առումով, մյուս կողմից՝ ադրբեջանական քարոզչության տարբեր միֆեր չեզոքացնելու տեսանկյունից։ Ինչ վերաբերում է հայկական պատվիրակության ակտիվությանը, ապա նման ակտիվ գործելաոճը ԵԽԽՎ-ում պետք է հետևողականորեն պահպանել։ Հատկանշական է, որ ձմեռային այս նստաշրջանն ադրբեջանական պատվիրակության ներկայիս կազմի համար թերևս վերջինն էր, և Ադրբեջանում փետրվարին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո, ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության կազմում կներգրավվեն «առավել կոմպետենտ» պատգամավորներ։
Իզաբել Շատոյան