Տնտեսություն

Մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն առաջին անգամ հայտարարագրելու են սեփականատերերին

2 րոպեի ընթերցում

Մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն առաջին անգամ հայտարարագրելու են սեփականատերերին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 29-ին կայացել է հանդիպում մետաղական հանքաքար արդյունահանող ընկերությունների ներկայացուցիչների հետ, որը վարել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը ու արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ԱԺ-ի կողմից ընդունված հանքարդյունաբերության ոլորտի մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված օրենսդրական փաթեթի համաձայն՝ այս տարի առաջին անգամ մետաղական հանքաքար արդյունահանող ընկերություններն իրական սեփականատերերի վերաբերյալ պետք է հայտարարագիր ներկայացնեն։

«Նախարարի տեղակալ Լ․Շուշանյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և նշել, որ հանդիպումը տնտեսվարող սուբյեկտներին աջակցելու, գործընթացն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակ ունի՝ այս համատեքստում կարևորելով աշխատանքների փոխգործակցության ձևաչափը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրի ներկայացման կարգը և ժամանակացույցը, պահանջվող տեղեկությունների շրջանակը, հայտարարագրի լրացման տարբերակները, ինչպես նաև պարզաբանումներն են տրվել ներկաների կողմից բարձրացված հարցերին։

Լ․ Շուշանյանն ընդգծել է, որ Հայաստանում մետաղական հանքարդյունաբերության ոլորտը մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում է գտնվում և ոլորտի թափանցիկության, հաշվետվողականության բարձրացումը հասարակական ընկալման վրա դրական ազդեցություն կունենա՝ այս առումով ակնկալելով առավելագույն բաց և թափանցիկ տեղեկատվության տրամադրում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում