Արտաքին քաղաքականություն

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Զոհրաբ Մնացականյանն ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպանին

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 24-ին ընդունել է ՀՀ-ում Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուլեբային՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարար Մնացականյանը շնորհավորել է Իվան Կուլեբային՝ պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի պատմականորեն ամուր հիմքեր ունեցող հայ-ուկրաինական հարաբերությունների ավելի խորացմանը և զարգացմանը:

ԱԳ նախարարը և դեսպանը բարձր են գնահատել Ուկրաինայի հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ ներգրավվածություն ունեցող տեղի հայ համայնքի դերը՝ որպես կամրջող օղակ երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում:

Երկուստեք ուղենշվել է հայ-ուկրաինական քաղաքական երկխոսության ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, այդ թվում արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման, տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացման միջոցով։ Այս համատեքստում զրուցակիցները կարևորել են տնտեսական հարցերով հայ-ուկրաինական համատեղ միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի անցկացումը:

Կողմերը կարևորել են նաև համագործակցության խորհրդարանական հարթակը և համոզմունք հայտնել, որ երկու երկրների խորհրդարաններում ձևավորված բարեկամական խմբերը կնպաստեն հայ-ուկրաինական միջխորհրդարանական կապերի աշխուժացմանը:

Մտքերի հանգամանալից փոխանակում է տեղի ունեցել միջազգային և տարածաշրջանային օրակարգի մի շարք հրատապ հարցերի շուրջ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում